Քննարկում Սոցիալական պաշտպանության ոլորտում ՏՏ ներդրման խնդրի շուրջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության միջև ստորագրված երկարաժամկետ համագործակցության հուշագրի շրջանակներում դեկտեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

Կարևորելով սոցիալական ոլորտում հուշագրով նախատեսվող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացվել է լայնածավալ աշխատանքներ, ներդրվել են ինքնաշխատ համակարգեր: Այսօր արդեն «Այ Բի Էմ» ընկերության հետ համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաներ նախատեսվում է ներդնել սոցիալական ապահովության ոլորտի տարբեր համակարգերում և առաջին հերթին զբաղվածության համակարգում, ինչն առավել արդյունավետ կդարձնի այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:

Նախարարը նաև ընդգծեց, որ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նշանակալի նորամուծություն է, քանզի առաջադրում է ծառայությունների ավտոմատացման համընդգրկուն լուծումներ, որոնք հասանելի կդարձնեն ոլորտին առնչվող տեղեկատվության տարբեր աղբյուրները և վերլուծությունները, միաժամանակ կմշակվեն առավել հեռանկարային բարձրորակ սոցիալական ծառայություններ:

Խոսվեց նաև «ԿՈՒՌԱՄ» համակարգի հենքի վրա տարածաշրջանային տեխնոլոգիական Գերազանցության կենտրոնի ստեղծման մասին, ինչը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ և դրանք, հետագայում, արտահանել այլ երկրներ:

Աշխատանքային հանդիպմանը ներկա էին փոխնախարարներ, ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը, ԿՀԻԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը, նախարարության այլ աշխատակիցներ:

Հանդիպման կազմակերպմանն աջակցել էր USAID/ PRIP ծրագիրը:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել