www.1in.am լրատվական կայքում հրապարակվել է «Կասկածելի ընտրացուցակ, կամ ով է Գյումրիում աժիոտաժ ստեղծում» վերնագրով հոդված, որում վկայակոչվում է էթնոժողովրդագրի տեսակետը Գյումրի քաղաքի ընտրողների թվի վերաբերյալ` այն համարելով կասկածելի: Նման կասկածները փարատելու նպատակով պարզաբանում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակը ձևավորվում է ոչ թե բնակչության փաստացի թվի, այլ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տվյալների հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գյումրի քաղաքի ընտրողների ռեգիստրը կազմել է 124.523 ընտրող: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ընտրությունների ընտրողների նախնական թիվը 30.07.2012թ. դրությամբ կազմել է 126.438 ընտրող, այսինքն, ընտրողների թիվը աճել է 1915-ով:
Ընտրողների թվի նախնական աճը պայմանավորված է հետևյալով`
1. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու կապակցությամբ Գյումրի քաղաքում հաշվառվել են 495 քաղաքացի:
2. 824 ընտրող ընտրացուցակում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ:
3. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. առաջին անգամ անձնագիր ստանալու կապակցությամբ հաշվառվել են Գյումրի քաղաքի 73 բնակիչներ, ովքեր մինչև 18 տարեկանը ինչ-ինչ պատճառներով անձնագիր չեն ստացել:
4. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են հաշվառում չունեցող 478 անձինք:
5. Ընտրողների ռեգիստր ընդգրկվել են մինչեւ քվեարկության oրն առնվազն վեց ամuվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 32 անձինք:
6. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատված 13 անձինք:
Իրազեկում ենք նաև, որ վերջնական ցուցակները հրապարակելիս ընտրացուցակներից հանվելու են 30.07.2012թ.-ից հետո Գյումրի քաղաքի տարածքային զինկոմիսարիատից ստացված 455 զորակոչիկների տվյալներ, Գյումրի քաղաքի ՔԿԱԳ տարածքային բաժնից ստացված 93 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, ինչպես և սույն պարզաբանման 4-րդ կետում նշված անձանցից նրանց տվյալները, ովքեր չեն բավարարում ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներին:
ՀՀ ոստիկանություն