Վեցօրյա աշխատանքային շաբաթով բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսներն օգտվում են 42 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդից և այդ ողջ ժամանակահատվածի համար ստանում են միջին աշխատավարձի չափով գումար: Այս մասին iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Այդ գումարը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»,- նշեց նա:
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսվելուց երեք օր առաջ:
Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:
Այս հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Կառավարության 11.08.2005թ. թիվ 1599 որոշմամբ և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-ից 170-րդ հոդվածներով: