Ի՞նչ ժամկետներում է նշանակվում վարչական տույժը

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի:

Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ և 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երկու տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքում, եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել