15-ամյա հղի աղջնակը սեռական բռնության է ենթարկվել խորթ հոր կողմից: Նա մի քանի շաբաթ առաջ օգնություն է խնդրել «Լայթհաուս» («Փարոս») բարեգործական հիմնադրամից: «Աղջիկն այս պահին մեր ապաստարանում է: Քրեական գործ է հարուցվել, խորթ հայրը հետախուզման մեջ է: Շատ բան չեմ կարող ասել»,- iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Լայթհաուս» («Փարոս») բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մուրադյանը:
Նրա փոխանցմամբ` «Լայթհաուս» («Փարոս») բարեգործական հիմնադրամն ունի ապաստարան, որտեղ հղի կանայք եւ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող մայրեր են, որոնք բռնության զոհ են եւ, չունենալով ոչ մի կացարան, ապահովության համար գնում են իրենց ապաստարանը:
«Երեխա են ունենում կամ արդեն իսկ ունեցած երեխաներին պահում են, մեծացնում, դասընթացների են գնում, ոտի են կանգնում, մայրություն անել են սովորում եւ, իրենց ապագան պատկերացնելով, դուրս են գալիս ապաստարանից: Մեզ մոտ կարող են մնալ մինչեւ 2 տարի ժամկետով»,- նշեց Նաիրա Մուրադյանը:
Ապաստարանում կարող են բնակվել մինչեւ 18 հոգի, սակայն այս պահի դրությամբ նրանց թիվը 23 է:
Տեղեկացնենք, որ «Լայթհաուսե հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում ամուսնացած, այնուհետև լքված կանանց, ովքեր մեծ դժվարությունների առջև են կանգնում` իրենց երեխաներին պահել-մեծացնելու հարցում: