Ինչպե՞ս բաժանել գույքը ամուսնալուծության դեպքում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է ամուսինների ընդհանուր սեփականությունը: Ըստ այդմ` «Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով»:

ՀՀ ընտանեկան օրենսգիրքն էլ իր հերթին սահմանում է ամուսնալուծվելիս ամուսինների միջև ծագող վեճերի քննարկման կարգը: Համաձայն որի`

1. Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։

2. Ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է`

ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները.

բ) որոշել, թե որ ծնողից և ինչ չափով պետք է ալիմենտ (ապրուստավճար) բռնագանձվի.

գ) ամուսինների (ամուսիններից մեկի) պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանումը.

դ) ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը։

3. Եթե գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, ապա դատարանը կարող է գույքի բաժանման մասին պահանջն առանձնացնել որպես առանձին վարույթ։

Ամուսնալուծության պարագայում համատեղ գույքի ոչ հավասար բաժանելու հնարավորությունը որպես խնդիր դիտարկում են «Ամուսինների համատեղ սեփականությունը» հայեցակարգի հեղինակները, նրանք ընդգծում են.

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ համատեղ սեփականությունը բաժանելիս, մասնավորապես ամուսինների առնչությամբ, միշտ չէ, որ այն հավասարապես է բաժանվում: Մասնավորապես էական նշանակություն ունիհատկապես երեխաների առկայությունը, այն հարցի լուծումը, թե երեխաները ում մոտեն մնալու, ամուսիններից մեկի անաշխատունակ և գույքային վատ դրության մեջլինելը, կենսական այլ հանգամանքներ: Նման հանգամանքները նշելու դեպքում մեծանալու է դատակայն հայեցողության շրջանակը, սակայն կարծում ենք, միանգամայն արդարացված, ելնելով պրակտիկայի սահմաններից: Խնդրո առարկա պետք է դառնա նաև թե արդյոք չափերի տարբերակումը պետք է հստակեցվի օրենքում, թե այնուամենայնիվ թողնվի դատական պրալտիկային, մասնավորապես` վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին»:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել