ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի ունեցավ Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացումը ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում ներկայացվեցին 2014 թվականի ընթացքում տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների համար մատուցվող և առաջարկվող ծառայությունները, ինչպես նաև ակնկալվող ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչը մասնավորապես խոսեց մշակութային պետական կազմակերպությունների կենսաթոշակառուներին մատուցվող մշակութային ծառայություններից օգտվելու առավել մատչելի պայմանների, ստեղծագործող կենսաթոշակառուների համար իրենց աշխատանքները ցուցադրելու, տպագրելու հնարավորությունների մասին:
Առողջապահության նախարարությունից ներկայացվեց տարեց մարդկանց կարիքներին համարժեք մատչելի և որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասին տեղեկատվություն: Խոսվեց նաև առողջապահական նոր ծառայությունների ներդրման մասին:
Տրանսպորտի և կապ նախարարության ներկայացուցիչը 2014 թվականի ընթացքում իրականացված ծրագրերից և քայլերից բացի, անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար տրանսպորտային միջոցների ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից ներկայացվեց անօթևան մարդկանց շրջանում (մասնավորապես՝ տարեցներ) իրականացված ուսումնասիրության արդյունքները, ներկայացվեցին նաև համապատասխան առաջարկներ անօթևաններին կացարան տրամադրելու և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Նիստին ներկա էին նաև «Հայկական Կարիտաս» և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ների ներկայացուցիչները, ովքեր նույնպես ներկայացրեցեին իրենց կազմակերպությունների կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները տարեցների, կենսաթոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
Հաջորդ միջգերատեսչական նիստին կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիրը:
Լուսանկարը՝ mlsa.am-ի: