ՀՀ նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, Մուշեղ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշում եմ.
Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը court.am-ից`
Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։
1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։
2001 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։