“Ես վստահաբար ասում եմ. այո, մենք կոտրում ենք կարծրատիպեր”. Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ Վարքի կանոնակարգին նվիրված աշխատաժողովում

Հոկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է «ԵԱՀԿ Վարքի կանոնակարգ. իրականացման շրջանակները, տարածումը և տարբեր շահագրգիռ կողմերի մոտեցումները, գործակցություն միջազգային գործընկերների հետ» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ համատեղ: Տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Աշխատաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ստորև ներկայացնում ենք նախարարի ելույթից հատվածներ:
«Կարծում եմ ոչ ոքի համար նորություն կամ գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեր կողմից իրականացվող պաշտպանական բարեփոխումների, հատկապես դրա ժողովրդավարացմանն ուղղված մասի լրջագույն օժանդակողներից է: ԵԱՀԿ հետ ստեղծված գերազանց համագործակցային ավանդույթները միաժամանակ բազում կասկածներ են փարատում, ես կասեի, անգամ` կարծրատիպեր կոտրում, որոնց ստորև կանդրադառնամ:
Սովորաբար, միջազգային կառույցների մոտ մտավախություններ են լինում, որ անցումային փուլը հաղթահարող պետությունների զինված ուժերը և պաշտպանական գերատեսչություններն առավել փակ են, չափից դուրս պահպանողական և հակված չեն համագործակցության. առավել ևս` ժողովրդավարացման թեմաների շուրջ: Այս հարցն առավել զգայուն կարող է համարվել Հայաստանի համար, քանի որ անկախությունից ի վեր մենք «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» վիճակից պարբերաբար, մեր կամքից անկախ պատճառներով, հայտնվում ենք «ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն» վիճակում: Հարց կարող է ծագել` ինչ ժողովրդավարացման, թափանցիկության կամ ժողովրդավարական վերահսկողության մասին է խոսքը, եթե պատերազմ է…
Մենք մեր գործով կտրականապես հերքել ենք այս մոտեցումը:
Ուստի, ես վստահաբար ասում եմ. այո, մենք կոտրում ենք կարծրատիպեր: Մենք գտնում ենք, որ անգամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը, որտեղ բանակը համալրվում է համընդհանուր զորակոչի միջոցով, այն կարող է և պետք է վերածվի հասարակության վերընթաց զարգացման շարժիչ ուժի` իր տեսլականը խարսխելով ժողովրդավարական արժեհամակարգի և մարդու իրավունքների սկզբունքների վրա: Եվ սրանք զուտ խոսքեր չեն, մենք դա ապացուցում ենք գործով:
Հենց այս ամենը հաշվի առնելով, մենք մեծագույն հաճույքով ստանձնել ենք այս աշխատաժողովի կազմակերպման պատասխանատվությունը և հուսով ենք, որ այն վարակիչ ազդեցություն կունենա այլ երկրների վրա և նմանօրինակ աշխատաժողովները առավել հաճախակի բնույթ կունենան: Ընդ որում, եթե նկատեցիք օրակարգից, մենք ևս մեկ, կարծում եմ հետաքրքիր, նորարարություն ենք ներմուծել: «Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքի կանոնակարգի» շրջանակում անցկացվող միջոցառմանը մեծ տեղ ենք հատկացրել այլ միջազգային կառույցների ևս, քանի որ գտնում ենք, որ նրանց ջանքերի ու նրանց վրա դրված խնդիրների իրականացումն ի վերջո ուղղված է մեկ նպատակի իրականացմանը` քաղաքակիրթ ու անվտանգ աշխարհի ստեղծմանը:
Ամփոփելով խոսքս, թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտել, որ ԵԱՀԿ Վարքի կանոնակարգը, չնայած որոշ շրջանակների անգույն ու անմարդկային «ռեալ պոլիտիկի» վրա հիմնված չարամիտ կանխատեսումների, շարունակում է մնալ անվտանգության ապահովման անհրաժեշտ մեխանիզմ, քանի որ ծառայում է անվտանգ տարածաշրջանային միջավայրի ձևավորմանը:
Իսկ այն փաստը, որ Վարքի կանոնակարգն իրավաբանորեն պարտադիր ուժ չունի, իմ սուբյեկտիվ կարծիքով էլ ավելի է բարձրացնում այս փաստաթղթի արժեք: Իրավաբանորեն պարտադիր պարտավորությունները սովորաբար կատարվում են պատժվելու վախով պայմանավորված, իսկ քաղաքական հանձնառություններն առավելապես գիտակցաբար են կատարվում` դրանց արժեքը գնահատելով: Դա էլ իր հերթին պայմանավորված է կատարող երկրի քաղաքական մշակույթի մակարդակով: Կարծում եմ, երկրների միջև առկա այդ տարբերությունները միջազգային հանրության առաջադեմ շերտերի կողմից պետք է պատշաճ կերպով ընկալվեն ու գնահատվեն, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն քաղաքակիրթ աշխարհի ձևավորման վրա»:

Ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել