Երկրներ, որոնք 100 տարվա անցած ճանապարհ ունեն դատաիրավական ոլորտում եւ դեռ խնդիրներ ունեն, անշուշտ, Հայաստանն էլ է ունենալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Բայց որ ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի առաջ ծառացած բազում խնդիրների պատասխանը տալու է, նախարարը համոզված է:
«Փաստաբանություն, որի առաքելությունը միայն դատական իշխանությանը քննադատելն է եւ բոլոր պարտված գործերով դատարանին մեղավոր ճանաչելն է, նման փաստաբանություն Արդարադատության նախարարին պետք չէ:
Նոտարիատ, որն իր վրա չի վերցնում դատական վեճերի մի մասը` նախադատական փուլում լուծելու, ուրեմն մենք խնդիր ունենք:
Արբիտրաժային դատարան չունենալը եւ դրա միջոցով վեճերի մեծ մասը չլուծելը ծանրաբեռնում է դատարաններին եւ օբյեկտիվորեն խնդիր է առաջացնում»,- ասում է Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքով` 4 տարի առաջվա խնդիրներից շատերը լուծել են, առաջիկայում եւս ունեն խնդիրներ եւ չեն կարող սահմանափակվել, գոհանալ ձեռք բերածով:
«4 տարի հետո մեր առջեւ այլ խնդիրներ են ծառացած լինելու: Բայց դրանք իրենց բովանդակային առումով միանգամայն այլ են լինելու»,- նշեց Հրայր Թովմասյանը: