Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ և վճարել նաև չաշխատող կնոջը. պարզաբանումներ օրենքի նախագծի վերաբերյալ

Հոկտեմբերի 9-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի հանդիպումը լրագրողների հետ: Հաղորդում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ, իսկ  2016 թվականից սկսած, այն վճարել նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար (գործող օրենսդրության համաձայն՝ տրվում է միայն աշխատող կանանց):

Իր խոսքում Սմբատը Սաիյանը նշեց, որ նմախատեսվում է չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից (նախատեսվում է պահպանել աշխատող կնոջ մայրության նպաստը միջին ամսական աշխատավարձի չափից հաշվարկելու դրույթը):

Օրենսդրական փոփոխություններով մասնավորապես նախատեսվում է ընդլայնել ՀՀ պետական բյուջեից տրվող նպաստի իրավունք ունեցողների շրջանակը: Այսօր հղիության և ծննդաբերության (առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մայրության) նպաստ է տրվում տարեկան շուրջ 13000 աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության ընթացքում նպաստ կստանան լրացուցիչ ևս տարեկան շուրջ 30000 կին:

Ընդ որում, չաշխատող կնոջը տրվող նպաստի անվանական չափը 2016 թվականին կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ (շուրջ 80000 դրամ), կկազմի շուրջ 365 000 դրամ (առանց հարկերի՝ շուրջ 275000 դրամ):

Ըստ այդմ, 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 11 մլրդ. դրամով:

Ծառայության պետի տեղակալը ընդգծեց, որ ժամանակավոր անաշխատունակության ոլորտում գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես, համաձայն գործող օրենքի, կորցրած եկամուտը փոխհատուցվում է ամբողջությամբ: Արդյունքում, հնարավոր է իրավիճակ, երբ նպաստի չափը կազմում է ավելի բարձր, քան այն աշխատավարձը, որ անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի:

Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ անձին որպես վարձու աշխատող գրանցելու և նրան մեկ-երկու ամիս հետո  նպաստ վճարելու համար որևէ օրենսդրական արգելք չկա (օբյեկտիվորեն չի կարող լինել), իսկ նպաստի (նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմի) բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Ծառայության պետի տեղակալի խոսքով՝ առաջարկվում է. 1. նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (հետևաբար՝ նպաստի) մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (առավելագույնը՝ 80 տոկոս), 2. սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ, մայրության նպաստի դեպքում այդ չափը փոխկապակցելով երեխաների քանակի հետ:

Շրջանառվող լուրերին ի պատասխան, թե կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը՝ մինչևերեխայի մեկ տարին լրանալը,  երբ այսօր նպաստը տրվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը, բանախոսը վստահեցրեց, որ նման բան չկա և ժամկետի կրճատում չի նախատեսվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել