Ժամեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը:
Iravaban.net-ի հետ զրույցում պարոն Աթանեսյանը տեղեկացրեց, որ դեռ հիմնավորումները չի ստացել` դատարանի մերժման տեքստը չունի: Մերժումը փաստաբանը բացատրումն է նրանով, որ երկիրը երկիր չի և դրա է պատճառը նաև, որ երկրում կեղծվում են ընտրությունները:
«Դատարանի մերժումը հաստատեց, որ սա քաղաքական հետապնդում է Վարդան Օսկանյանի նկատմամբ»,- ասում է Տիգրան Աթանեսյանը:
Վերջինիս փոխանցմամբ` որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանում:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից մայիսի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ (փողերի լվացման հատկանիշներով) հարուցելու մասին որոշումը:
Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործի հարուցումը քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ:
Այս առնչությամբ Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:
Այսօր բողոքը քննվել է դռնփակ նիստում: