Ֆլեթչեր ծրագրի պատվիրակները հյուրընկալվեցին նախարարին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Թավիթյան հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանի գլխավորած Ֆլեթչեր ծրագրի ղեկավար անդամներից բաղկացած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Ֆլեթչերի ծրագրի շրջանավարտ աշխատակիցները:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի կարևոր շահառուներից է: Նա կարևորել է շրջանավարտների մասնագիտական առաջխաղացման գործընթացում Ֆլեթչեր ծրագրի շրջանակներում ստացած կրթության դերն ու նշանակությունը: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրի շրջանավարտ աշխատակիցները մեծ ներգրավվածություն ունեն համակարգում իրականացվող քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացներում:

 Նախարարը կարևորել է նաև շրջանավարտների մասնակցությունը հանդիպմանը, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել ծրագրին՝ պատմելով դրան հաջորդած մասնագիտական աճի և ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքների ամբողջական կիրառման մասին: Շրջանավարտ ՀՀ ԱՆ աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի պետ Դիանա Ղազարյանը նշել է, որ Ֆլեթչերը ոչ միայն նշանավորվել է որակյալ ուսում ստանալու առումով, այլև ամբողջովին փոխել է իր ապագան, քանի որ հենց Ֆլեթչերում սկիզբ է դրվել իր նոր՝ ընտանեկան կյանքին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ծրագրի տևողության, արդյունավետության, մասնակիցների ընտրության, մասնակիցների կրթական ձեռքբերումներին առնչվող հարցերին:
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է Ֆլեթչերի ծրագրին ՀՀ ԱՆ ավելի մեծ թվով մասնակիցների ներգրավման մեխանիզմների մշակումը՝ հավելելով, որ մասնակցել ցանկացողների լայն շրջանակը առավել կմեծացնի ընտրության հնարավորությունը; Հանդիպման ավարտին նախարար Հովհաննես Մանուկյանը պարգևատրել է Թավիթյան հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին ՀՀ արդարադատության նախարարության Շահամիր Շահամիրյան հուշամեդալով:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել