Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային

Սեպտեմբերի 26-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ: ՀՀ ՎՊ երկրորդ վարչության պետ Դավիթ Չիբուխչյանը նշել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացրել է մի քանի ուղղություններով: Ուսումնասիրվել են 4 ծրագրեր եւ արձանագրվել են որոշակի խախտումներ:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: Նա ընդգծել է, որ 2014 թ-ին եւ հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում: 

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրի վերաբերյալ նշվել է, որ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող լոկալ ջրարբիացման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային եւ սահմանամերձ 54 համայնքում: 
Շինարարական աշխատանքների իրականացման համար 2011-2013 թվականներին ծախսվել է 1,941,590.1 հազ. դրամ: Վերահսկողությունն իրականացվել է 5 մարզի 31 համայնքում: Վերահսկված 1,148,352.5 հազ. դրամ ծավալի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15,407.3 հազ. դրամի խախտումներ, որի մեծ մասը վերահսկողության ընթացքում վերականգնվել է: Անդրադառնալով բնապահպանական ոլորտին՝ նշվել է, որ Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին: Դինամիկ կերպով զարգանում է նաեւ տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղված միջազգային համագործակցությունը: Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների շրջանակներում: Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Այս ոլորտներում նունյպես բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ: 
Վերոհիշյալ ոլորտների եւ ծրագրերի պատասխանատուները, ընդունելով ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված փաստերի օբյեկտիվությունը, պատասխանել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին եւ մատնանշել են խնդիրների լուծման ուղիները ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Լուսանկարը՝ coc.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել