ՀՀ կառավարության 20 հուլիսի 2000 թվականի N 410 որոշմամբ առայժմ շարունակվում է բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաեւ հայտ ներկայացնելու եւ վարկ տրամադրելու գործընթացը:
Այս մասին iravaban.net-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների բաժնի առաջատար մասնագետ Արմինե Սաղաթելյանը:
Նրա խոսքով` այս պահի դրությամբ հիմնավոր ճանաչված 304 դիմում ունեն, որոնք հերթագրված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար:
«Եթե այսպես գնա, մարդիկ երեւի 7-8 տարվա մեջ կստանան, քանի որ ամեն տարի պետբյուջեով որքան գումար հատկացվում է, այնքան ենք տալիս: Օրինակ այս տարի 10 հոգու ենք տվել գումար, անցյալ տարի` 41: Այդ նպատակով այս տարի բյուջեից հատկացրել են 50 միլիոն դրամ, անցյալ տարի` 200 միլիոն»,- ասում է Արմինե Սաղաթելյանը:
Մասնագետը նշում, որ մարդիկ հիմնականում դիմում են բնակարան ձեռք բերելու ցանկությամբ: Իսկ դիմումի` հիմնավոր կամ անհիմն լինելու պատասխանը ստանում 5 օրվա ընթացքում:
Ծրագրի մեկնարկից` 2000 թվականից սկսած նախարարությունը շատ դիմումներ ստացել է 2005, 2006, 2007 թվականին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում հաշմանդամների և տարեցների բաժնի առաջատար մասնագետի խոսքով` դիմումներ թիվը մոտավորապես հասնում է 20 –ի:
Հիշեցնենք, որ տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է` ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:
Վարկը տրամադրվում է մինչև 25 տարի մարման ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր)՝ ըստ հանձնաժողովի որոշման` հետևյալ չափերով՝
Ա. բնակարանային անհատական շինարարության համար` 4 – 5 մլն դրամ,
Բ. անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու համար` 1 – 4 մլն դրամ,
Գ. բնակարանի վերանորոգման համար` 1 – 3 մլն դրամ,
Դ. բնակարան ձեռք բերելու համար` 2 – 5 մլն դրամ: