ՀՀ Վճռաբեկ դատարանը «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների վերաբերյալ այս տարի նախադեպային որոշում կայացրեց: «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանի այս որոշումն ընդհանուր առմամբ ողջունելի է, սակայն ըստ նրա՝ որոշումը դժվար թե դիմանա ժամանակի քննությանը:
Բանն այն է, որ Վճռաբեկը, փորձելով կանոնակարգել դաշտը, որոշեց կարգավորել տեղեկատվության աղբյուր հասկացությունը: Վճռաբեկ դատարանը սահմանեց, որ կարող է լինել տեղեկատվության պատշաճ և ոչ պատշաճ աղբյուր: «Իրավաբանական տեսանկյունից որոշումը կարող է հասկանալի լինել, բայց լրագրության տեսանկյունից անհասկանալի է: Լրագրողները չեն կարող տեղավորվել նման շրջանակներում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը:
Իրավաբանի խոսքով՝ որոշման այդ հատվածը ժամանակի փորձությանը չի դիմանա: «Իրավաբանությունը պետք է մեկ քայլ հետ լինի համացանցից, որպեսզի տեղի ունեցող իրադարձությունից հետո որոշի ինչպես կարգավորել այն: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արեց հակառակը: Համացանցն այնքան արագ է զարգանում, այնքան բամազանություն կա շուկայում, որ նախապես որոշել, թե որն է պատշաճ, որը ոչ պատշաճ աղբյուր, դա կտանի փակուղի»,- կարծում է Ա. Ղազարյանը:
Բացի դա, իրավաբանի խոսքով, լրագրողներն առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ պետք է լինեն այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում: Ամեաարժեքավոր տեղեկատվությունը նրանք ստանում են ոչ պատշաճ աղբյուրներից: Այստեղ արդեն «պատշաճ կամ ոչ պատշաճ աղբյուրը» չի դիմանում քննությանը: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշում է, որ եթե լրատվամիջոցն օգտվում է որևէ մասնավոր անձի տեղեկատվությունից, շշուկից, ասեկոսեից՝ պատասխանատվության ռիսկը վերցնում է իր վրա: Այսինքն, լրատվամիջոցն ինքն է որպես պատասխանող կողմ գնում դատարան: Ա. Ղազարյանի խոսքով՝ թեև Վճռաբեկ դատարանի այս որոշմամբ իրավակարգավորումը դրական միտում ունի, բայց միաժամանակ այն նաև վտանգավոր տարր է պարունակում: Որոշումը սահմանափակում է տեղեկատվության հոսքը, խոսքի ազատությունը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ կետին:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն