Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին:
Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների և դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը վերաբերող ոլորտներում: Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարևորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»: Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին և երկու երկրներում պատիժների կատարման հարցերին: Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը և հստակեցրել առաջիկա անելիքները:
Տեղեկացնենք, որ 2011-ից Փիթեր Քութունջյանը Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար: