Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը մեղադրվում են արհեստական ապացույցներ ստեղծելու մեջ

Օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին:

2014թ. ապրիլի 1-ին Իջևան քաղաքի «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ Աշոտ Ա.-ի կողմից համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ին սպանելու փորձ կատարելու և ապօրինաբար հրազեն պահելու համար, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Աշոտ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց` կիրառվել էր կալանավորումը:
Քրեական գործի հետագա քննությամբ պարզվել էր, որ «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «Սայգա» տեսակի կարաբինով կրակոցներ է արձակել նույն Աշոտ Ա.-ի և նրան ուղեկցող Արսեն Չ.-ի ուղղությամբ: Մեղադրյալ Անդրանիկ Խ.-ն կալանավորվել էր:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը` Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին` նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը: Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին` դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:
2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել