Սերյոժա Ալեքսանյանը Բռնադատվածների բնակարանային բարելավմանն ուղղված ծրագրով պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ էր վերցրել, որի մարումը պետք է սկսվեր 2013 թվականից: Սակայն Ֆինանսների նախարարությունն Ալեքսանյանից պարտադրել է վարկի մարման մուծումներն անհապաղ կատարել` զգուշացնելով, որ հակառակ դեպքում նա կզրկվի իր սեփականությունից, քանի որ դատարանի որոշմամբ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն (ԴԱՀԿ) արդեն իսկ արգելանք էր դրել քաղաքացու ունեցվածքի վրա: Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը, Ֆինանսների նախարությունից հայտնեցին, որ քաղաքացու գործը կարճելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է Դատական ակտերի հարկադիր ծառայություն, սակայն ԴԱՀԿ ծառայությունից պատասխան չի ստացվել:
ԴԱՀԿ ծառայությունից Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնեցին, որ Սերյոժա Ալեքսանյանի գործը կարճվել է, սակայն կարճման որոշումները կողմերին չի ուղարկվել:
Պաշտպանի միջնորդությամբ Սերյոժա Ալեքսանյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու և գործը կարճելու որոշումներն ուղարկվել են կողմերին, ինչի արդյունքում վերացվել են Սերյոժա Ալեքսանյանի իրավունքների սահմանափակումները: