ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ կազմակերպել են աշխատաժողով

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» դահլիճում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը:

Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը նախատեսված է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովի որոշմամբ:

Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի 47 երկրի 54 ներկայացուցիչ, որոնք հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց փորձը կլիմայի փոփոխության ազգային զեկույցների ձևակերպման մասով, ինչպես նաև քննարկել խնդրին առնչվող ազգային մակարդակներով կազմակերպչական, համակարգման և ֆինանսական ներդրումների ներգրավման հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան /1993 թվականին/, երբ մեր երկիրն ապրում էր իր նորագույն պատմության ամենադժվարին ժամանակները՝ պատերազմ, ծանրագույն էներգետիկ ճգնաժամ, շրջափակում: Այդ իրավիճակը չի խանգարել, որպեսզի Հայաստանը կարևորի նաև մարդկությանը հուզող գլոբալ բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։

Նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորել է Կիոտոյի արձանագրության Ուղղման փաստաթղթի վավերացումը, ինչի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ նախաձեռնել է գործընթաց, և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում նախատեսվող նոր արձանագրության կամ այլ իրավական փաստաթղթի ընդունումը` նախատեսված 2015 թվականին, որը պետք է ապահովի ջերմոցային գազերի կրճատման հավակնոտ նշանակետեր։ Ըստ նախարարի, որպեսզի այդ արձանագրությամբ ստանձնվելիք պարտավորությունները լինեն նշանակալի և իրատեսական, հարկ է, որպեսզի դրանց հիմքում լինեն կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների հիմնավոր ծրագրեր, որոնց իրականացման մասին տեղեկությունները պետք է հաղորդվեն մեկնարկած աշխատաժողովում քննարկվող Երկամյա զեկույցներով:  

Աշխատաժողովի նպատակները ներկայացրել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարության ներկայացուցիչ Ուիլյամ Կոջոն՝ շեշտելով, որ համաժողովը հնարավորություն կտա ռեսուրսներն արդյունավետորեն ուղղել հիմնախնդիրների լուծմանը և զեկույցների կազմմանը:

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են զեկույցներ իրենց երկրներում առկա խնդիրների առանձնահատկությունների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել