Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը հյուրերի հետ քննարկել է երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են հակակոռուպցիոն ռազմավարությանն ու բաց կառավարման գործընկերությանը:  

Արդարադատության նախարարը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ Կառավարության կարևոր գործընկերներից է, որի հետ երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են արդյունավետ ծրագրեր ոչ միայն արդարադատության, այլ նաև տնտեսական զարգացման և հասարակական կյանքի այլ ոլորտներում:  Քերին Հիլիարդը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության՝ բաց կառավարման գործընկերության համատեքստում իրականացրած  աշխատանքներից և ընդգծել, որ միջազգային մյուս գործընկերների համեմատությամբ Հայաստանը առաջատարների շարքում է՝ հավակնոտ նպատակներ ունենալու և դրանց հասնելու առումով:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ գործող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կատարվող աշխատանքները:  Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության ոլորտում օրենսդրական փոփոխությունների հայեցակարգի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ արդեն վաղուց շրջանառվող հայեցակարգի վերաբերյալ բոլոր սկզբունքային ու գաղափարական մոտեցումները քաղհասարակության ներկայացացուցիչների հետ համաձայնեցված են:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ, խոսելով հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ այն վերաբերում է բարեխիղճ հանրային ծառայող, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգ ունենալու հարցերին:  Հովհաննես Մանուկյանը նույնպես ընդգծել է քաղաքացիական հասարակության ամրապնդման կարևորությունը և շեշտել, որ ամուր քաղաքացիական հասարակություն ունենալը երկրի իմունիտետն ու ամրության ցուցանիշն է:  Նշված ոլորտներում համագործակցելու երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Թաթոյանն ու Արտյոմ Գեղամյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ Արև Մովսիսյանը, Էլիսոն Մքֆարլենդը, Ջոն Լուլեջյանը, Քրիստինա Աֆոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել