Կառավարության նիստում արծարծվել են հանրությանը հուզող մի շարք հարցեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը: ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ` «ՀՀ 2015 թ. պետբյու¬ջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վե¬րաբերյալ: Մինչև 2014թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրությանը հուզող ևս մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:

Նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը:
Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը և դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Սահմանվել է նաև, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են և համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին:
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ համաձայնագրում 16-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ՀՀ կառավարությանը՝ մի շարք ծրագրերի իրականացման համար:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրը որոշել է երեք տարի ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության արտոնագիր տալ Արտաշատի «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին:
2014թ. ամառային զորակոչի ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 61 ծառայողների դրամական բավարարման գումարը վճարելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 9 մլն դրամ: 
Կառավարության որոշմամբ Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայի սան Ալեքսան Ավետիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը:
Կառավարությունը որոշել է Վահե Հակոբյանին իր դիմումի համաձայն ազատել ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: ՀՀ վարչապետի տեղեկացմամբ Վահե Հակոբյանը նշանակվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Գործադիրն իր որոշմամբ Էդգար Փիրումյանին ազատել է ՀՀ բնապահ¬պանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել էր ուսումնասիրել, թե օրենսդրական կամ այլ բնույթի ինչ լուծումներ են անհրաժեշտ պաշտպանելու քաղաքական գործիչների և պաշտոնյաների սահմանադրական ազատությունը և կանխելու ամենաթողության հնարավոր դրսևորումները հավաքների և հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:
Նիստի ավարտին նախարար Մանուկյանը հանդես է եկել զեկուցումով, որը բովանդակել է ոչ միայն մեր երկրի, այլև միջազգային փորձի ուսումնասիրությունը: Եզրակացությունը հետևյալն է՝ այսօր առկա օրենսդրական դրույթները բավարար են առաջացող իրավահարաբերությունները կարգավորելու համար, և այս պահին օրենսդրական նոր կարգավորում անհրաժեշտ չէ:

Մանրամասները՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել