Արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթին, Լեոն Բենուային և Ռաս Հայբերթին, որոնց ուղեկցում էր «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆին, ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: 
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց կանադացի խորհրդարանականների ներդրումը` հայ-կանադական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատվիրակության անդամները վստահեցրին, որ շարունակելու են գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության առավել սերտացմանը։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։ 
Նախարար Նալբանդյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել