ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխացմամբ` այս մասին հուլիսի 17-ի դատական նիստում որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանն այսպիսով բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հասմիկ Պապյանի միջնորդությունը՝ հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝ գործը դռնփակ քննելու մասին: Դատարանը գտավ, որ գործում կան սպառազինությունների, զենքի ու զինամթերքի չափաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք առնչվում են ՀՀ ազգային անվտանգությանը և որոշեց գործը քննել դռնփակ: Միաժամանակ դատարանը որոշեց, որ գործով դատավճռի հրապարակումը կլինի հրապարակային:
Հիշեցնենք, որ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իրեն վստահված գույքը հափշտակելու համար: Ընդ որում, ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաև ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաև պաշտոնեական կեղծիքներ:
Վ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով գույքի յուրացում կատարելու համար (երեք դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար (4 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով` երկու դրվագով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ռազմամթերքի հափշտակություն կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, փոխադրելու և իրացնելու համար, իսկ մեկ այլ դրվագով էլ կրկին 235-րդ հոդվածի 1-ին մասով, բայց այս անգամ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն