Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը:
«Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը:
Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել:
«Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», – հավելել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը: