Թուրքը մնում է թուրք. Սեյրան Օհանյան

«2014 թվականը Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր: 2014 թվականին, ի տարբերություն 2013 թվականի, հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դեպքեր եղան՝ այն դեպքում, երբ 2013 թվականին միայն ամբողջ տարվա ընթացքում՝ 13 հազար խախտում է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատվածում եղել են նաև 26 դիվերսիոն-հետախուզական գործողություններ կամ փորձեր, որոնց շուրջ 65 տոկոսը, այսինքն՝ 15 դեպքը՝ հուլիսի 25-ից մինչև հիմա»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինիս խոսքով` ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ. «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, օգոստոսի 1-ից սկսած՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել: Բացի հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներից, մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ խաղաղ բնակավայրերը, հիմնականում Տավուշի մարզում: Հակառակորդի կողմից օգտագործվում են մեծ տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր»:

Նախարարը նկատեց, որ իրականացված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողությունները և փորձը թույլ են տալիս ասելու, որ այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի՝ իրենց ինտեսիվությամբ և ծավալներով, քանի որ շատ անգամ իրականացվել են նաև ցերեկային պայմաններում, մեծ խմբերով՝ բացահայտ կերպով ուղղված հայկական հենակետերի գրավմանը, ինչը նրանց հաղորդում է ակնհայտ հարձակողական մարտական գործողությունների բնույթ:

«Հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաև այլ գործողություններ. հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով, որոշ ստորաբաժանումներ՝ խոցման և նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքները, տեղեկատվական և քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը: Ինչպես գիտեք, ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում նրանք ներկայացնում են այնպես, որ հաղթանակն իրենք են տարել, և հայկական կողմը մեծ կորուստներ է տվել: Կորուստների հարաբերակցությունը, եթե այսօր համեմատենք, 1/8 և 9, այսինքն՝ 8-9 անգամ նրանք ավելի շատ կորուստներ են ստացել»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նրա փոխանցմամբ` որոշ սահմանամերձ բնակավայրերում, շրջաններում իրավիճակի սրումը Ադրբեջանի Հանրապետության գյուղի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ և արտահոսք: Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական և ոստիկանական ռեժիմը: Նաև որոշակի քայլեր են իրականացնում զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ. առաջին հերթին զինված ուժերն առանց մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ուժեղացրել է իր ծառայությունը և՛ սահմանամերձ հատվածում, և՛ ռեզերվային բոլոր զորամասերում: Հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով, խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ-շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության և գտնվում են անմիջապես առաջին գծում միանգամից ահազանգելու համար: Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է:

Անդրադարձ կատարելով ստեղծված վիճակին` նախարարը հայտնել է, որ իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն և տրամաբանությանը. «Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, միջազգային հանրության՝ իրադրության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու նպատակով մեր զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ստիպված են լինում խստորեն պատժելու խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով, ինչպես ես ասացի, հակառակորդը կրում է զգալի մարդկային կորուստներ: Գտնում եմ, որ այդ մարդկային կորուստները և թափված արյունն ընկնում է Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա: Այս իրավիճակում, կարծում եմ, որ իրենք իրենց իսկ ստի զոհը դարձան, որովհետև տարիներ ի վեր իրենց ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ենք, անընդհատ համալրում ենք սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, անպարտելի ենք, բայց գտնում եմ, որ, այսպես պետք է ասեմ, թուրքը մնում է թուրք և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել»:

Եզրափակելով խոսքը` Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառոկորդը չի հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը և դրանից հետո, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել