Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը. Վահրամ Գուրողլյան

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակը սկսել է առանձնահատուկ բացահայտմամբ. հունվարին Մեղրիի մաքսակետում բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցներից վարչության աշխատակիցների աչալուրջ զննման շնորհիվ հայտնաբերվել է շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց:

Շարունակելով հետևողական վերահսկողությունը սահմանային բոլոր անցակետերում` վարչությունը հունվար-հուլիսին մաքսային կանոնների խախտման մի շարք այլ  դեպքեր է կանխել:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի տեղեկացմամբ՝ 2014-ի առաջին կիսամյակում խախտումներից  27-ը՝ թմրանյութի և հոգեմետ դեղորայքի հետ կապված, իսկ 7 դեպքով էլ` հայտնաբերվել է տարբեր մոդելների ավելի քան 500 բջջային հեռախոս. «Դրանք հիմնականում կանխվել են Մեղրիի մաքսակետում և «Զվարթնոց» մաքսատանը, որտեղ վերջին շրջանում ակտիվացել են հատկապես փոստային ծանրոցների միջոցով թմրամիջոցի տեղափոխման փորձերը»:

Ֆինանսների նախարարության  տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` կիսամյակի ընթացքում հայտնաբերված մաքսային խախտումների մեջ զգալի տեսակարար կշիռ են ունեցել նաև ապրանքի քաշի խախտման, չհայտարարագրման և կամ մասնակի հայտարարագրման դեպքերը:

Վահրամ Գուրողլյանի խոսքով՝ մաքսային կանոնների խախտման նաև նոր միտում է նկատվել. «Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը, որոնք, սակայն, կանխվել են վարչության աշխատակիցների կողմից»: ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ առաջիկայում նույնպես զգալիորեն կբարձրացվի իրավախախատումների բացահայտման մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել