Այն պատգամավորները, ովքեր կարծում են, որ ընտրվել են ժողովրդի կողմից, իրենք պետք է ընդառաջ գնան ժողովրդի պահանջներին և լինեն ժողովրդի կողքին: «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի այս բնորոշմամբ պայմանավորված, այսօր քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ` արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով, որի ժամանակ կորոշվի ստեղծել պատգամավորներից բաղկացած խումբ, ովքեր կզբաղվեն Վահե Ավետյանի գործի արդարացի քննությամբ:
Արտահերրթ նստաշրջան գումարելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ձայն: Ժամը 2:00-ի դրությամբ 18 պատգամավոր են ստորագրել այդ պահանջի իրականացման համար:
«Գործի քննության թափանցիկություն չկա, կոծկման փորձ են անում, որոնցից մեկն այն է, որ հակասություններ կա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործով քննիչ Արսեն Այվազյանի խոսքերի մեջ: Նրանք կոծկման փորձ են անում, բայց մենք ինքներս նրա համար ենք, որ չթողենք կոծկեն»,- ասում է Դավիթ Սանասարյանը:
Ակցիայի մասնակիցները չեն դադարեցնելու իրենց պայքարը, եթե անգամ ԱԺ-ում արտահերթ նստաշրջան չգումարվի: Սա իրենց պահանջի մի կետն է միայն:
ԱԺ-ում հավաքվածների մեջ կային նաեւ սփյուռքահայ կանայք, որոնք չնայած չցանկացան ձայնագրիչի առկայությամբ խոսել, բայց հայտնեցին` իրենք մշտապես մասնակցում են Վահե Ավետյանի գործի արդարացի քննության համար կազմակերպված բողոքի ակցիաների, քանի որ «Հարսնաքարի» գործով արդարացի դատաքննությունը համահայկական պահանջ է. Երկիրը քաղաքացիներինն է, այլ ոչ թե օլիգարխներինը, որոնք հայրենիք չեն ճանաչում ու կարեւորն իրենց համար գրպանի պարունակությունն է: