Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ այդ մասին ասվում է.
«Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, և հետևաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին և հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը և որևէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սևանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը: Միևնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարևորեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը և գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները:
Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ»: