Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ իրականացնելու իններորդ օրն է: Այն կտեւի եւս 6 օր: Մինչ այս պահը «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի խոսքով` հարկայինը հիմնադրամում որևէ կարգի խախտում չի հայտնաբերել, քանի որ հիմնադրամում որևէ մութ կողմ չկա:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սալբի Ղազարյանը նշեց, որ ինքը հրաժարվում է ցուցմունք տալ ԱԱԾ-ում, քանի որ ոչ թե ինքը պետք է ապացուցի, որ անմեղ է, այլ պետությունն պետք է ապացուցի, որ ինքը մեղավոր է:
Այդ թեմայով հասարակության շրջանում ևս հարցում են անցկացրել, որոնց մեծ մասի կարծիքով ևս հակառակ կողմը պետք է ապացուցի, որ դու մեղավոր ես:
«Միաժամանակ, մենք շարունակում ենք պնդել, որ փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործը քաղաքական ենթատեքստ ունի»,- ասում է Սալբի Ղազարյանը:
Հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանն հավելեց, որ հայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելուց հետո, կքննարկենք նաև միջազգային դատական մարմիններին դիմելու հարցը, սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է:
Հիշեցնենք. ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր դեմ, որի հետ կապված` շոշափվում է նաև ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։ Վերջինիս բազմիցս հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է իր անձի նկատմամբ:
Այս առնչությամբ Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»: