Ռուսաստանի օրինագիծը, որի համաձայն օտարերկրյա ֆինանսավորմամբ քաղաքական գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունները «օտարերկրյա գործակալների» կարգավիճակ են ստանում, անցել է խորհրդարանական քննարկման առաջին փուլով։ Այս մասին հայտնում է inotv.rt.com կայքը:
Նախաձեռնության նպատակն այսպիսի կազմակերպությունների կողմից առավելագույն ֆինանսական թափանցիկության ապահովման հասնելն է։ Օրինագծի հակառակորդների կարծիքով այն կարող է օգտագործվել ընդդիմադիր շարժման դեմ։
Իրինա Գալուշկո, RT-ի թղթակից․ «Օրենքի հակառակորդները, նախ և առաջ համաձայն չեն «գործակալ» բառի հետ։ Նրանց կարծիքով այս բառը ծայրահող բացասական իմաստ ունի, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Ռուսաստանում գործող ՀԿ-ները, ըստ էության, արտասահմանյան պետությունների անլեգալ լրտեսներ համարվեն։ Նրանք պնդում են, որ ՀԿ-ներն արդեն իսկ այսօր, ֆինասավորման աղբյուրների առումով, խիստ վերահսկողության են ենթարկվում, և եթե այս վերահսկողությունն առավել խստանա, ապա կազմակերպությունները իրենց գործունեությունը շարունակելու հնրավորություն չեն ունենա։
Նրանք նաև հայտարարում են, որ կառավարությունը սա անում է նպատակ ունենալով ամրապնդել այսպես կոչված «ուղղահայաց իշխանությունը», որն առանց այն էլ բավական կոշտ է, երբ խոսքը գնում է ոչ առևտրային և հասարակական կազմակերպությունների մասին։
Օրինագծի հակառակորդներն այն հակասահմանադրական և ոչ ժողովրդական են համարում, չնայած այն հանգամանքին, որ օրինագծի գաղափարախոսները պնդում են, որ այս նոր օրենքը առանց որևէ փոփոխությունների փոխառել են գործող ամերիկյան օրենքից։ Խոսքը FARA օրենքի (Արտասահմանյան գործակալների գրանցման Դաշնային օրենքի) մասին է։ Այս օրենքը ԱՄՆ-ում գործում է 1930-ական թվականներից, և թվում է թե ոչ ոքի չի մտահոգում։
Ըստ նախաձեռնության կողմնակիցների, օրենքը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի։
«Այո, մենք ընդունում ենք, որ օրինագիծն առայժմ բավականին «հում» (անմշակ) է և բարելավման կարիք ունի։ Սակայն սա հենց այն է, ինչով մենք զբաղվում ենք Պետդումայում»,- հայտարարում են նրանք։
Սակայն նրանց կարծիքով, օրենքը անհրաժեշտ է։ Նրանք կարծում են, որ այն ՀԿ-ները, որոնք իսկապես ֆինանսական օժանդակություն են ստանում արտասահմանից, կարող են միջամտել Ռուսաստանի ներքին քաղաքականությանը, ինչը անընդունելի է ոչ միայն Ռուսաստանի, այլև ցանկացած այլ երկրի համար։
Նախաձեռնության կողմնակիցները նաև նշում են, որ իրենց գլխավոր նպատակն այսպիսի հասարակական կազմակերպությունների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելն է, այլ ոչ թե նրանց վրա ճնշումն ավելացնելը, քանի որ ըստ էության կազմակերպություններն իրենք են որոշում կայացնելու «Օտարերկրյա գործակալ» գրանցվելու կամ չգրանցվելու վերաբերյալ։
Իհարկե, օրենքը քննարկվելու է, և կարող է փոփոխվել, սակայն ՌԴ Պետդումայի պատգամավորներ հուսով են, որ այն ուժի մեջ կմտնի հուլիսի վերջին: