Միակողմանի ծնողազուրկ 10-ամյա Գևորգ Զաքարյանը հոր հետ միասին ապրում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում կենցաղային վատթարագույն պայմաններում` զրկված խնամքի միջոցներից:
ՄԻՊ-ի գրասենյակի փոխանցմամբ` Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Լևոն Ադամյանը իր զարմիկ Գևորգին որևէ աջակցության ցուցաբերելու և օգնելու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի Վայոց Ձորի տարածքային գրասենյակ:
Տարածքային գրասենյակի աշխատակցիները խնդրին ծանոթանալուց անմիջապես հետո կապ են հաստատել Արարատի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի գլխավոր մասնագետի հետ, ներկայացրել իրավիճակը:
Որոշակի աշխատանքներից ու ճշգրտումներից հետո, Գևորգ Զաքարյանը ընդգրկվել է Նորաբաց գյուղի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի անապահով և ծնողազուրկ երեխաների բազմաբնույթ օգնության ծրագրում:
Պաշտպանի Վայոց Ձորի տարածքային գրասենյակի աշխատակցիների ջանքերի շնորհիվ Գևորգն իր ամառային արձակուրդն այժմ անցկացնում է Ծաղկաձորի հանգստյան ճամբարներից մեկում: Նշենք նաև, որ ճամբարի կամավորներն իրենց հերթին ցանկություն են հայտնել բարեկարգել Զաքարյանների տունը: