Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարայանն այսօր ներկայացրեց այն գործառույթներն ու նպատակները, որոնք դրված է իրենց առջև:
Ըստ նրա` ներկայում Հայաստանում գործում են բիզնեսի կարգավորում պարունակող մոտ 26 հազ. իրավական ակտեր: Դրանց մոտ 30%-ը կկրճատվի, իսկ 20-30%-ը կպարզեցվի:
ՀՀ կառավարության փոխանցմամբ` իրավական ակտերի կրճատումն իրականացվելու է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործելու է 2 տարի:
«Կարգավորիչ գիլյոտին» գործիքի սկզբունքը հետևյալն է` կարճ ժամանակահատվածում վերացնել ավելորդ նորմատիվային ակտերը և կրճատել անարդյունավետ ծախսերը: Անհրաժեշտության դեպքում ներդրվում են պարզեցված կարգավորումներ:
Արմեն Եղիազարյանը նշեց, որ գիլյոտին կիրառվելու է հանրային ծառայությունների ոլորտում մասնավորապես գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության, ինչպես նաև տրանսպորտի առաջին հերթին` տաքսի ծառայությունների շրջանում:
Բանախոսը կարևորեց հարկային ու մաքսային ոլորտներում, դեղերի վաճառքի ու ատամնաբուժական ծառայություններում իրենց օրենսդրական նախաձեռնությւոններում:
Արդեն նախապատրաստվել են առաջարկություններ հեռահաղորդակցության ոլորտում լիցենզիաների կրճատման ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թ. հոկտեմբերին, ներկայում ունի 22 աշխատակից: Աշխատակիցների աշխատավարձը վճարում է Ավստրիայի զարգացման գործակալությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դոնորների կոորդինատորն է եւ աջակցում է կենտրոնին կազմակերպչական մի շարք հարցերում, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ հասարակայանության հետ կապերի եւ գենդերային հավասարության բաղադրիչներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկն ապահովում են միջազգային փորձագետների ֆինանսավորումը եւ «Էլ. գիլյոտին» ծրագրային ապահովման գործիքի ձեռքբերումն ու գործարկումը, իսկ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է կենտրոնին՝ տարածքի, գույքի եւ տեխնիկական միջոցների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլն դոլար է: