ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, 2012թ.-ի հուլիսի 5-6-ը մասնակցել է Օսլոյում կայացած Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 16-րդ ընդհանուր համագումարին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ հարկային ծառայությունը` համագումարը կազմակերպվել էր Նորվեգիայի հարկային մարմնի նախագահությամբ և աջակցությամբ, որին մասնակցում էին շուրջ 180 ներկայացուցիչներ` անդամ հարկային մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ Նորվեգիայի կառավարությունից, Եվրոպական միությունից, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, հարկային մասնագետներ և հետազոտողներ:
ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է իր անդամներին գործնական հարկային վարչարարության հիմնահարցերի քննարկման համար հնարավորություն ընձեռել` խթանելով եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը և աջակցելով վերջիններիս զարգացմանը: Ներկայում ՀՄՆԿ-ի կազմում ընդգրկված են 46 անդամ հարկային մարմիններից: Համագումարի ընթացքում, որի օրակարգի հարցն էր` «Արդյունավետ կառավարում` քայլ ընդառաջ ռեակտիվ (արձագանքող) մոտեցումից պրոակտիվ (նախաձեռնող) մոտեցմանն անցում կատարող հարկային մարմիններին», հնարավորություն ընձեռվեց պարզելու, թե ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ մոտեցում ցուցաբերել հարկային պարտավորությունների կատարման նոր եղանակների, հարկային մարմիններում նոր մշակույթի ներդրման, ինչպես նաև հարկային մարմինների աշխատանքների վրա տեխնոլոգիաների կիրառման նոր զարգացումների ազդեցության վերաբերյալ: Տնտեսական, ֆինանսական և սոցիալական արագընթաց փոփոխությունները հարկային մարմիններից պահանջում են հարկերի հավաքագրման գլխավոր գործառույթն իրականացնելիս լինել նախաձեռնող, նորարարարություններ կիրառող և ճկուն` ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարումը` մատուցելով բարձրորակ ծառայություններ և կրճատելով կիրառվող ռեսուրսներն ու ծախսերը: Համագումարի մասնակիցներն ընդունեցին ՀՄՆԿ-ի բացառիկ և կարևոր դերը` անդամ հարկային մարմինների միջև համագործակցության, փորձարարության, լավագույն պրակտիկայի և գիտելիքների փոխանակման գործում` հատկապես առկա տնտեսական բարդ ժամանակաշրջանում, երբ ռեսուրսները բավականին սահմանափակ են: