2006թ մինչ այսօր ավանդների փոխհատուցում են ստացել 48 738 քաղաքացիներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նպաստների բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսից մինչ 2006թ. ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված «Հայխնայբանկ» ՓԲԸ ավանդատու հանդիսացող հետևյալ քաղաքացիները՝70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ,մինչև 70 տարեկան կենսաթոշակառուներ,
միայնակ կենսաթոշակառուներ,
հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք և նրանց ընտանիքի անդամներ,
ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքի անդամներ, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամներ,
ՀՀ պաշտպանության 1990-1994թթ ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչներ,
երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ,
ծնողներ ու բազմազավակ ծնողների երեխաներ:
Նշենք, որ ավանդների փոխհատուցում ծրագիրն իրականացվում է ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352- Ն որոշմամբ հաստատված կարգով: Համաձայն օրենքի՝ ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակաուղղված է սոցիալապես առավել անապահով խմբերին դասվող քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:
Հետևաբար, այս ծրագիրն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:
Ավանդի նկատմամբ քաղաքացու գույքային իրավունքը չի փոփոխվում, նրա մահից հետո ավանդը (խորհրդային ռուբլով) մտնում է ժառանգության զանգվածի մեջ, իսկ ավանդի դիմաց փոխհատուցման գույքային իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, ուստի այն չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն