Առևտրային արբիտրաժի էությունն ու կարևորությունը: Երկօրյա սեմինարի ընթացքում Աղվերանում այս թեման են քննարկելու գերմանացի իրավաբան-փորձագետները և հայ իրավաբանները:
Սեմինարը կազմակերպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը ՀԵԻԱ-ի համագործակցությամբ:
«Արբիտրաժն այն է, երբ կողմերը, բացառելով ընդհանուր իրավասության դատարանը, դիմում են արբիտրաժային դատարան, այսինքն` ըստ էության, իրենց վեճը լուծելու համար: Ուղղակի նախապես համաձայնագիր կնքելուց պետք է վերապահումը տրված լինի արբիտրաժային դատարանին կամ ընթացքում կողմերը պետք է կնքեն համապատասխան պայմանագիր»,- ասում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից Մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր Արտակ Միքայելյանը:
Վերջինիս խոսքով` վեճերի լուծման այս տարբերակն ավելի թանկ արժե, քան դատարան դիմելը, սակայն արբիտրաժային դատարանը վեճը լուծում է առավելագույնը 4 ամսում, իսկ դատարանում նույն գործի քննությունը կարող է ձգվել տարիներ:
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից Մշտապես գործող արբիտրաժային դատարանը 2007 թվականից մինչ օրս քննել է ընդամենը 11-12 գործ:
«Գործերի սակավության պատճառը, մասնավորապես, գործարար միջավայրի անտեղյակությունն է և այս առումով բավականին գործ ունենք անելու»,- նշում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից Մշտապես գործող արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի իրավաբանական վարչության պետ Արմեն Ոսկանյանը:
Նշենք, որ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը ՀԵԻԱ-ի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կազմակերպում է իրավաբանների վերապատրաստման սեմինարներ:
Նունե Հովսեփյան