500 առաջարկ` 1 ամսվա ընթացքում

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մայիսի 1-ից տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով քաղաքացիների կողմից նամակներով ստացվել է ավելի քան 500 առաջարկ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ամփոփելով անցնող մեկ ամսվա արդյունքները, տեղեկացրել է, որ ստացված բոլոր առաջարկներն ուսումնասիրվել և խմբավորվել են: Դրանց մի մասը փոխանցվել է համապատասխան ստորաբաժանում՝ հնարավոր լուծում տալու նպատակով: Իսկ առավել ընդգրկուն առաջարկները կներկայացվեն քաղաքապետին՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար: Հատկանշանական է, որ քաղաքացիների որոշ առաջարկներ, կապված, օրինակ, բակերի բարեկարգման հետ, արդեն իսկ ընդգրկված են Երևանի զարգացման այս տարվա ծրագրերում և արդյունքները երևանցիների համար շուտով տեսանելի կլինեն:

«Առաջարկությունների տաղավարներ»-ի ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով:

Լուսանկարը` yerevan.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել