Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է իրեն դիմած «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների դիմումը, որով պահանջվում էր հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ:
«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից»,- նշել է Հովիկ Աբրահամյանն իր պատասխանում:
Հիշեցնենք, որ պատգամավորները մտադիր էին հանդիպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների հետ` գործի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով: