Հայաստանի ազգային և Երևանի պետական համալսարանի` Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարաններից գողության գործում որպես Վրաստանի քաղաքացի, ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլիի պաշտպան ներգրավվեց փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
Հուլիսի 9-ի դատական նիստում գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Վ.Ազարիաշվիլիին պարզաբանեց, որ գործում վերջինիս ցանկության դեպքում կարող է ներգրավվել նաև փաստաբան Վրաստանից: Ըստ «Փաստաբանության մասին» օրենքի, նա ընդամենը պետք է դիմի ՀՀ փաստաբանների պալատ, հավատարմագրվի, համապատասխան փաստաթուղթ ստանա և ներկայացնի դատարանին: «Այս կարգը պահպանելու դեպքում օտարերկրյա փաստաբանի համար որևէ արգելք չկա»,- ասաց դատավորը:
Նիստում ԵՊՀ-ն ճանաչվեց որպես քաղհայցվոր և պարզաբանվեց, որ մյուս տուժողը՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ը համապատասխան դիմումի առկայությամբ, նույնպես դատաքննության ցանկացած փուլում կարող է դիմել և դատարանի կողմից ճանաչվել որպես քաղհայցվոր:
Նիստում ներգրավված նոր պաշտպան Ա. Փարսադանյանը միջնորդեց 20 աշխատանքային օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև հուլիսի 26-ը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վաժա Ազարիաշվիլին «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Գուրգենի Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:
Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ.-ի հուլիսից մինչև 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն