Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ երեկ կիրառված բռնության վերաբերյալ:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2012 թ. հուլիսի 8-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնությունը, որը դրսեւորվել է առանձնակի ցինիզմով եւ հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով:
Բռնությունը կատարվել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների եւ Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահների կողմից սպանված Վահե Ավետյանի մահվան յոթ օրվա հիշատակին նվիրված հասարակական ակցիայի ժամանակ:
Մենք բռնության այս դեպքը գնահատում ենք որպես ՀՀ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից Վահե Ավետյանի եւ նրա ընկերների նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ոչ համարժեք գնահատականի հետեւանք:
Այն է`
1. Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից բռնության փաստի վերաբերյալ քաղաքական գնահատական չտալը,
2. իրավապահ մարմինների կողմից բռնություն կատարած բոլոր անձանց չհայտնաբերելը:
Պահանջում ենք`
1. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից միջնորդությամբ դիմել Ազգային ժողովին Ռուբեն Հայրապետյանին ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:
2. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ: