Փաստաբանների պալատը արդեն մի քանի ամիս է ունի նոր կայք: Ցավոք այն չունի ֆորում, որտեղ փաստաբանները կարողանան կիսվել իրենց կարծիքներով: Դրա բացասական էֆեկտը նաև նրանում է, որ մեր՝ փաստաբաններիս ձայնը, լսելի չէ: Իմ կարծիքով անբավարար է սահմանափակվել միայն Պալատի նախագահի հայտարարություններով այս կամ այն հարցի շուրջ, այլ ցանկալի կլիներ շատ հարցերի վերաբերյալ իմանալ նաև փաստաբանների մեծամասնության կարծիքը:
Օրինակ, իմ կարծիքով, կարելի է առաջ քաշել կարևոր հարցեր և ըստ քննարկման կամ միգուցե քվեարկության արդյունքների , ներկայացնել հանրությանը փաստաբաններիս կամ մեծամասնության, կամ նույնիսկ բոլորի կարծիքը մեր հասարակությանը հուզող և իրավական ոլորտին /նաև ոչ միայն/ վերաբերող հարցերի շուրջ:
Որպես այդպիսի հարցի օրինակ, կարելի է փաստաբանների քննարկման առարկա դարձնել թե պետք է արդյոք մեզ այնպիսի վերաքննիչ քրեական դատարան, ինչպիսին որ հիմա ունենք: Իմ համոզմամբ, դա ամբողջությամբ արհեստական, անիմաստ մի օղակ է, որը կոչված է ապահովելու միմիայն այդտեղ և երևի թե այլ տեղ աշխատող մարդկանց բարեկեցությունը, որևէ այլ իմաստ կամ նշանակություն այն հիմա չունի:
Եթե նման մոտեցումը կիսեին փաստաբանների մեծ մասը, ապա այն կարելի էր դարձնել հրապարակային քննարկման առարկա և պահանջել կատարելու փոփոխություններ:
Միգուցե ոմանց այս մոտեցումը կարող է թվալ անօգուտ, անիմաստ կամ նույնիսկ միամիտ, բայց ես միշտ գտել և գտնում եմ, որ փաստաբանության ուժը յուր միասնության մեջ է:
Գրառումը` Փաստաբանների պալատի նախագահի նախկին թեկնածու, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից