Ապատեղեկատվության դեմ պայքարի առանցքային բաղադրիչը մեդիագրագիտությունն է՝ հանրային-մասնավոր երկխոսություն

2025 թվականի հոկտեմբերի 15-ին անցկացվեց «Ապատեղեկատվության հակազդմանը նվիրված առցանց աշխատաժողով՝ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով», որը կազմակերպվել էր Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա» ծրագրի շրջանակում։

Բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը, ով ընդգծեց ապատեղեկատվության տարածման համաշխարհային բնույթը և դրա հետևանքները Հայաստանում, շեշտելով գիտելիքի, հմտությունների և համագործակցության անհրաժեշտությունը։

Ձեռնարկի ներկայացում

Միջոցառման առաջին մասում ծրագրի փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանի և Մարիամ Զադոյանի կողմից ներկայացվեց նոր մշակված «Ապատեղեկատվության հակազդման գործնական ձեռնարկը», որը նախատեսված է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մեդիա և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։

Ձեռնարկը ներառում է ապատեղեկատվության հայտնաբերման, վավերացման և կանխարգելման 20-ից ավելի թվային գործիք՝ սկսած աղբյուրների ստուգումից և բոտերի հայտնաբերումից մինչև պատկերների վավերացում և փաստերի ստուգում, ինչպես նաև բառարան՝ 30+ տերմինով հայերեն և անգլերեն: Ձեռնարկում առանձին բաժին է նվիրված Լիտվայի ապատեղեկատվության դիմակայման փորձին

Ճանապարհային քարտեզի մշակում՝ «Ամբողջ հասարակության» մոտեցմամբ

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր ապատեղեկատվության հակազդման միջոլորտային համագործակցության խթանմանն ուղղված ճանապարհային քարտեզի ուղղությունների համատեղ հատկորոշմանը՝ «Ամբողջ հասարակության» (Whole-of-Society) մոտեցման շրջանակներում։ Քննարկվեց Հայաստանի ապատեղեկատվության ռազմավարությունը, կատարվող աշխատանքները և առկա հիմնախնդիրները։

«Երիտասարդ ժուռնալիսների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Ղազարյանը նշեց, որ մեդիագրագիտության բարձրացումը հանդիսանում է ապատեղեկատվության դեմ պայքարի առանցքային բաղադրիչներից մեկը։ Նրա կարծիքով՝ կրթության և հասարակության շրջանում քննադատական մտածողության զարգացումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տարբերակել տեղեկատվության ճշմարտացիությունը և նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը ընդգծեց համակարգային մոտեցման կարևորությունը և կոչ արեց մշակել մի հիմնարար իրավական ակտ, որը կհստակեցնի պետական մարմինների և այլ ինստիտուտների պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև կներառի թվային անվտանգության բաղադրիչը՝ հատկապես անչափահասների պաշտպանության համար։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ապատեղեկատվության ազդեցությունը սփյուռքում հաճախ զգացվում է ավելի սուր, քան Հայաստանում։ Նրա խոսքով՝ սփյուռքի համայնքներում մարդիկ սովորաբար չեն ստուգում տեղեկատվության ճշմարտացիությունը և ժամանակ չունեն վերլուծելու այն, ինչ ստանում են, ինչն էլ նրանց դարձնում է ապատեղեկատվության առավել խոցելի թիրախ։ Հանձնակատարը ընդգծեց, որ այն համայնքներում, որտեղ մարդիկ ունեն անմիջական կապ Հայաստանի հետ՝ ընտանիք, բարեկամներ կամ սոցիալական հարաբերություններ, ապատեղեկատվության ազդեցությունը զգալիորեն թուլանում է, քանի որ նրանք կարող են համեմատել ստացված տեղեկությունները իրական իրադարձությունների հետ։ Սինանյանը ընդգծեց նաև վստահելի տեղեկատվության հոսքերի ապահովման և Հայաստանի ու սփյուռքի միջև շարունակական կապի անհրաժեշտությունը՝ հակազդելու ապատեղեկատվության տարածմանը։

ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրին մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացման ընթացիկ քայլերը, այդ թվում դպրոցներում և բուհերում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ռազմավարական պլաններն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում։

Աշխատաժողովի մասնակիցները միաձայն ընդգծեցին, որ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մեդիա կառույցների սերտ համագործակցությամբ։ Ընդգծվեց նաև երեք առաջնահերթ ուղղություն՝ իրավական և ինստիտուցիոնալ ամրապնդում, հանրային կրթություն և մեդիագրագիտության զարգացում, ինչպես նաև միջազգային համագործակցություն։

Միջոցառման կազմակերպիչները ընդգծեցին, որ նման հանրային-մասնավոր երկխոսությունները պետք է դառնան պարբերական՝ նպաստելով ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և հանրային վստահության ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ ապատեղեկատվության հակազդմանը նվիրված հանրային-մասնավոր երկխոսության շրջանակներում համանուն աշխատաժողով է տեղի ունեցել նաև հոկտեմբերի 16-ին՝ ապահովելով լայն շրջանակների ներգրավվածություն։

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա. ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել