Ապատեղեկատվության դեմ պայքարի հարցը քննարկվել է հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով

2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Ապատեղեկատվության հակազդմանը նվիրված աշխատաժողով՝ հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով» միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա. ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակում։

Բացման խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը, ով կարևորեց նախաձեռնության միջազգային նշանակությունը և շնորհակալություն հայտնեց Լիտվայի դեսպանատանը և բարեկամ ժողովրդին աջակցության համար։
Նրա խոսքով՝ ապատեղեկատվության տարածման վտանգը դարձել է համաշխարհային բնույթի խնդիր, որի հետևանքները զգացվում են նաև Հայաստանում։

«Ժամանակակից հասարակությունները գրեթե ամեն օր բախվում են կեղծ լուրերի, ապատեղեկատվության և ատելության խոսքի դրսևորումների հետ։ Այս խնդիրը, ցավոք, առկա է նաև մեր երկրում։ Այն հաղթահարելու համար անհրաժեշտ է գիտելիքի, հմտությունների և համագործակցության համադրություն», — նշեց Մարատ Ատովմյանը։

Ատովմյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա», որին մասնակցել են մեծաթիվ դիմորդներից ընտրված շուրջ 20 մասնակիցներ՝ Երևանի և մարզերի տարբեր համայնքներից։ Ակադեմիայի ընթացքում նրանք ուսումնասիրել են ապատեղեկատվության տարածման առանձնահատկությունները, անձնական տվյալների պաշտպանությունը, արհեստական բանականության ազդեցությունը և թեմային առնչվող այլ կարևոր հարցեր։

Մանրամասները՝

Լիտվայի փորձը՝ որպես համագործակցության օրինակ

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, իր ողջույնի խոսքում, ընդգծեց Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված համագործակցության արժեքը։

«Լիտվան և Հայաստանը ժողովրդավարական երկրներ են, և հենց այդ պատճառով ապատեղեկատվությունը մեզ համար ընդհանուր մարտահրավեր է։ Ամենակարևոր բառը դիմադրողականությունն է՝ ինչպես հասարակության, այնպես էլ պետական կառույցների մակարդակով», — նշեց դեսպանը։

Պարոն դեսպանը հավելեց, որ այս նախաձեռնությունը ոչ միայն մեկ ծրագրի շրջանակում իրականացվող քայլ է, այլ երկարաժամկետ համագործակցության շարունակություն։ Նրա խոսքով՝ Լիտվայի փորձը ցույց է տվել, որ ապատեղեկատվության դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր, արագ արձագանքում և մեդիագրագիտության շարունակական զարգացում։

Մանրամասները՝

Ներկայացվել է «Ապատեղեկատվության հակազդման գործնական ձեռնարկը»

Աշխատաժողովի ընթացքում ծրագրի փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը ներկայացրին նոր մշակված «Ապատեղեկատվության հակազդման գործնական ձեռնարկը», որը մշակվել է ազգային և միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Ձեռնարկը նախատեսված է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մեդիա կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ որպես գործնական ուղեցույց ապատեղեկատվության կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման ուղղությամբ։

Սյուզաննա Սողոմոնյանը իր խոսքում նշեց, որ ձեռնարկը միտված է հանրության տարբեր խմբերի կարողությունների զարգացմանը և իրազեկման բարձրացմանը։

«Ապատեղեկատվությունը միայն տեխնոլոգիական կամ մեդիա խնդիր չէ։ Այն նաև հանրային մտածողության և վստահության հարց է։ Եթե չունենք մեդիագրագետ հասարակություն, ապա որևէ տեխնոլոգիա չի փրկի մեզ ապատեղեկատվության վտանգներից», — ասաց նա։

Փորձագետը ներկայացրեց տեղեկատվական խաթարման երեք հիմնական դրսևորումները՝

Կեղծ տեղեկատվություն (misinformation)՝ սխալ, բայց ոչ դիտավորյալ տարածված տեղեկություն,

Ապատեղեկատվություն (disinformation)՝ դիտավորյալ մանիպուլյացիոն տեղեկատվություն,

Իրականության չարամիտ տարածում (malinformation)՝ իրական տեղեկություն, որը դիտավորյալ ներկայացվում է վնասելու նպատակով։

Նա նաև ներկայացրեց ապատեղեկատվության էկոհամակարգը՝ ընդգծելով արտադրողների, տարածողների, տեղայնացնողների և սպառողների դերակատարությունը։

Մանրամասները՝

Գործիքներ և մեթոդներ՝ ապատեղեկատվության բացահայտման համար

Փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց ձեռնարկի հաջորդ մասը՝ «Հայտնաբերման և վավերացման գործիքակազմը»։ Նա ընդգծեց, որ ապատեղեկատվության հայտնաբերումն ու վավերացումը բազմաշերտ գործընթաց է, որը պահանջում է և՛ տեխնիկական, և՛ մեդիագիտելիքներ։

Ձեռնարկը ներառում է ժամանակակից վերլուծական գործիքների շարք՝ աղբյուրների վավերացման համար Google Advanced Search և WhoisMind պլատֆորմները, պատկերների ստուգման համար Google Lens և FotoForensics ծառայությունները, տեսանյութերի վերլուծության համար InVID և YouTube DataViewer հավելումները, բոտերի հայտնաբերման համար Botometer և Bot Sentinel համակարգերը, ինչպես նաև փաստերի ստուգման համար ClaimBuster գործիքը։ Այս և մյուս՝ ընդամենը 20-ից ավելի թվային գործիքները մանրամասն ներկայացված են ձեռնարկի «Գործիքների և տեխնոլոգիաների ցանկ» հավելվածում՝ աղբյուրի ստուգումից մինչև պատկերների վավերացում։ Ձեռնարկը լրացված է նաև «Հիմնական հասկացությունների բառարան» հավելվածով՝ ավելի քան 30 եզրույթով հայերեն և անգլերեն։

«Ապատեղեկատվության դեմ պայքարի հաջողությունը կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև քննադատական մտածողությունից և համագործակցությունից։ Ավտոմատացված համակարգերը չեն կարող ամբողջությամբ փոխարինել մարդկային վերլուծությունը», — ընդգծեց Զադոյանը։

Մանրամասները՝

Միջոլորտային համագործակցության ճանապարհային քարտեզ. հանրային և մասնավոր սեկտորների դիտարկումները

Քննարկման երկրորդ մասում՝ ինտերակտիվ ձևաչափով, քննարկվեց Հայաստանի ապատեղեկատվության ռազմավարության ուղղությունները, կատարված աշխատանքները և վերհանված հիմնախնդիրները։ Մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ապատեղեկատվության հակազդման միջոլորտային համագործակցության խթանմանն ուղղված ճանապարհային քարտեզի ուղղությունների համատեղ հատկորոշման համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները կարևորեցին կանխարգելիչ մեխանիզմների բացակայությունը և առաջարկեցին ամրապնդել պետական հաղորդակցման համակարգերը։

«Հանրային կապերի կառույցները պետք է գործեն ոչ միայն արձագանքման, այլ կանխատեսման սկզբունքով։ Եթե տեղեկատվությունը բացատրվում է ժամանակին, ապատեղեկատվությունը տարածվելու հնարավորություն չի ստանում», — նշվեց քննարկման ընթացքում։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արուսյակ Գասպարյանը ընդգծեց մեդիագրագիտության դերի կարևորությունը: «Քաղաքացիները հաճախ չեն ստուգում տեղեկատվության աղբյուրը։ Եթե մենք չենք զարգացնում մեդիագրագիտությունը, ապա ապատեղեկատվությունը միշտ մեզանից մեկ քայլ առաջ է լինելու»,-ասաց նա։

ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը ներկայացրեց կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները՝ մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացման ուղղությամբ։ Նա նշեց, որ հանրակրթական նոր չափորոշիչներով դպրոցներում ներդրվում են նախագծային ուսուցման մեթոդներ, իսկ ուսուցիչները վերապատրաստվում են մենթոր դպրոցների միջոցով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Արշակ Քերոբյանը ընդգծեց, որ առաջիկայում նախարարությունը ԿԳՄՍ-ի հետ համատեղ իրականացնելու է հանրապետական մասշտաբով մեդիագրագիտության բարձրացման արշավ՝ նախատեսելով մարզային այցեր, ուսուցումներ և հանրային իրազեկման միջոցառումներ։

Ապագայի տեսլական՝ «Ամբողջ հասարակության» մոտեցումը

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները միաձայն ընդգծեցին «Ամբողջ հասարակության» (Whole-of-Society) մոտեցումը՝ հաստատելով, որ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն բոլոր դերակատարների՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մեդիայի և մասնավոր հատվածի համակարգված համագործակցության պայմաններում։

Միջոցառման եզրափակիչ մասում առանձնացվեցին երեք հիմնական ուղղություններ՝

  1. Իրավական և ինստիտուցիոնալ ամրապնդում` հստակ կանոններ և պատասխանատվության մեխանիզմներ,
  2. Հանրային կրթություն և մեդիագրագիտություն` քննադատական մտածողության զարգացում և վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում,
  3. Միջազգային համագործակցություն` փորձի փոխանակում և համատեղ ծրագրերի իրականացում։

Միջոցառման ավարտին նշվեց, որ նման ձևաչափի հանրային-մասնավոր երկխոսությունները պետք է դառնան պարբերական՝ նպաստելով ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և հանրային վստահության ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ ապատեղեկատվության հակազդմանը նվիրված հանրային-մասնավոր երկխոսության շրջանակներում հոկտեմբերի 15-ին համանուն աշխատաժողով է տեղի ունեցել նաև առցանց ձևաչափով՝ ապահովելով լայն շրջանակների ներգրավվածություն։

Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:
Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել