ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է այսօր` հունիսի 29-ին` ժամը 19:00-ի սահմաններում:
Վաղը (30.06.2012) ժամը 21:00 Մաշտոցի պուրակում տեղի կունենա մոմավառություն՝ որպես ափսոսանքի և հրաժեշտի ակցիա նվիրված Վահե Ավետյանի հիշատակին։
Ավելի վաղ iravaban.net-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, այդ թվում ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):
Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 22-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը: