ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։
«Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,- հայտնում են ԱՆ-ից:
ՔԿ-ից Iravaban.net-ին ավելի վաղ հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: