Բացահայտվել են ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: 

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց նախաձեռնած տնտեսվարողի մոտ հայտնաբերել են էական բացթողումներ ու խախտումներ, որոնք չարձանագրելու դիմաց նրանից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ նշված տեսուչներից մեկի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար տնտեսվարողը դիմել է ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող իր ծանոթին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ տնտեսվարողը հիշյալ անձի ակտիվ միջամտությամբ կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը՝ նույն օրը նրան տալով պահանջված գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին և 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստացած անձին: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել