Ազդարարման համակարգի շարունակական բարելավումներ իրականացնելու նպատակով ՀՀ 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում նախատեսված են առանցքային գործողություններ։
Մարդու իրավունքների պաշտպանը 2025 թվականի տարեկան զեկույցի շրջանակներում ներկայացրել է ազդարարման 2024 թվականի հաշվետվությունը և վիճակագրությունը, որի համաձայն նախորդ տարի Գլխավոր դատախազությունը azdararir.am էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ստացել է 380 հաղորդում։
Ազդարարում ստացած մյուս երկու մարմիններն են Ներքին գործերի նախարարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՆԳՆ-ը ստացել է 11 ազդարարում, որից ներքին ազդարարման եղանակով ներկայացվել է 1, Իսկ արտաքին ազդարարման եղանակով՝ 8 հաղորդում։ Ինչ վերաբերում է ՊՆ-ին, ապա ստացվել է 3 արտաքին ազդարարում։
Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշում է՝ այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ հանրությունը դեռևս չունի բավարար վստահություն և ակնկալիքներ ազդարարման համակարգի մասով, սակայն միևնույն ժամանակ մեր զրուցակիցը ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, իհարկե ցուցանիշները անհամեմատ աճել են և դրական դինամիկան արդեն նկատվում է։
Ընդ որում, կարևոր է աշխատել ոչ միայն ազդարարման զուտ թվի ցուցանիշների ավելացման ուղղությամբ, այլև՝ դրանց որակի։ Այս մասին է խոսում օրինակ՝ այն ցուցանիշը, ըստ որի նախորդ տարի ազդարարման հաղորդման հիմքով վարույթի հարուցումը մերժված դեպքերի թիվը 106-ն է, ազդարարման հաղորդման հիմքով հարուցված վարույթի թիվը՝ 274, իսկ հարուցված վարույթների կարճման դեպքերի թիվը` 39:
Սյուզաննա Սողոմոնյանի դիտարկմամբ՝ այս ցուցանիշների աճը նաև արդյունքն է այն հսկայական ծավալի աշխատանքների, որոնք նախորդ տարի տարվել են ՀՀ արդարադատության նախարարության, այլ գերատեսչությունների և Իրավաբանների հայկական ասոցիացիայի համագործակցությամբ։ Մասնավորապես, նախորդ տարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը վերապատրաստել է շուրջ 600 համայնքային ծառայողների, աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, դասախոսների, բիզնեսի և ՔՀԿ-ների ներկայացուցիչների Երևանում և ՀՀ մարզերում։
Ընդ որում, ուսուցման նյութերը մշակվել էին ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ և բավականին հանրամատչելի ու պարզ լեզվով էր մատուցվել։ Բացի այդ, մշակվել են նաև ուսումնական նյութեր, ձեռնարկներ, գրքույկներ, որոնք հրապարակվել են գրեթե բոլոր պետական և տեղական մարմինների կողմից, և տրամադրվել են դասընթացի մասնակիցներին։
Ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը ապահովելու նպատակով 2024 թվականին նախատեսված էր գույքագրել առկա խնդիրները, վերանայել ազդարարման համակարգի ներկա մոդելը՝ հաշվի առնելով նաև ազդարարման տեսակների գործնական կիրառելիությունը ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՄԻՊ կողմից ազդարարների իրավունքների պաշտպանության կազմակերպական կառուցակարգերը: Նախատեսված էր նաև վերանայել հանրությանն ազդարարման առկա մեխանիզմ ները՝ ապահովելով հանրությանն ազդարարելու հնարավորությունը առանց ներքին և/կամ արտաքին ազդարարման տեսակները սպառելու այն դեպքերում, երբ կոռուպցիոն հակաօրինական արարքն անմիջական կամ ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար, կամ երբ առկա է հաշվեհարդարի (վնասակար գործողությունների) վտանգ կամ խախտումը վերացնելու ցածր հավանականություն ազդարարման այլ տեսակներով ազդարարելու դեպքում։
Ըստ այդմ՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության մշակած Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման 2024 թվականի հաշվետվության՝ ազդարարման համակարգի հետ կապված գործնական խնդիրների գույքագրման նպատակով Արդարադատության նախարարության կողմից պատրաստվել են հարցումներ և շրջանառվել բոլոր պետական մարմիններին և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ հանդիսացող ՀԿ-ներին։ Բացի այդ, խնդիրների գույքագրման նպատակով Արդարադատության նախարարության կայքէջում, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել են համապատասխան հայտարարություններ։ Արդյունքում, գույքագրվել են ազդարարման համակարգի վերաբերյալ առկա խնդիրները, որոնք ամփոփված են «Ազդարարման համակարգի խնդիրներ» վերտառությամբ վերլուծական փաստաթղթում։
Փաստաթուղթը կազմվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի հետ համագործակցությամբ, Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական վերլուծությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև պետական մարմինների կողմից արձանագրված խնդիրների հաշվառմամբ։
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի՝ վերոնշյալի հաշվառմամբ Արդարադատության նախարարության կողմից «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ մշակվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր), որոնցով նախատեսվել է արտաքին ազդարարման դեպքում ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը, հստակեցվել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանվել է ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։