Հարություն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ու հասարակական նշանակության հիմնարկի բնականոն աշխատանքը խոչընդոտելով և պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների օրինական ծառայողական գործնեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել պարեկ Հրայր Ա․-ի նկատմամբ։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 25-ին և մակագրվել դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Նշվում է, որ տղամարդը սրճարանում կենցաղային հարցերի շուրջ բարձրաձայն վիճաբանել է դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո՝ ձայների վրա սրճարան եկած պարեկային ծառայողները նրան հանդարտվելու և սթափվելու հորդորներ են ներկայացրել, սակայն վերջինս գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, չի ենթարկվել նրանց հորդորներին և շարունակել է սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնել ինչպես պարեկային ծառայողների հասցեին, այնպես էլ անհասցե։
Հարություն Կ․-ի հակահասարակական վարքագիծը կանխելու նպատակով պարեկային ծառայողները ձերբակալել են նրան և տեղափոխել ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ, որի ժամանակ նա, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել Հրայր Ա․-ի նկատմամբ՝ մեկ անգամ գլխով հարվածելով նրա ձախ ուսին։ Այնուհետև ձերբակալված անձանց ժամանակավոր պահման խցում շուրջ 30 րոպե և ավելի ոստիկանության աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ, ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել խցի դռանն ու պատերին։
Դատարանը վճռել է Հարություն Կ․-ի կողմից արարքներն անմեղսունակության վիճակում կատարելը համարել ապացուցված։
Մեղադրյալի նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում։
Դատական ակտը հրապարակվել է մարտի 12-ին։