Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրությունում չկա որևէ ձևակերպում, որն ասում է՝ Ղարաբաղը Հայաստանի մաս է․ Արարատ Միրզոյան

Հարց. Պարո՛ն Միրզոյան, նախորդ ամսվա ընթացքում, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելուց հետո, Ձեր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Դուք հենց նոր լսեցիք Ձեր ադրբեջանցի գործընկերոջ կողմից հնչեցված այն մտահոգությունները, որոնք Բաքուն ունի մինչ այս համաձայնագիրը կստորագրվի: Արդյո՞ք Երևանը պատրաստ է արձագանքել այդ մտահոգություններին: Եվ արդյո՞ք Դուք ունեք որևէ խնդիր այդ համաձայնագրի առնչությամբ:

Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Ես նույնպես միանում եմ իմ գործընկերոջը և շնորհակալություն եմ հայտնում այս հիանալի դիվանագիտական ֆորումի կազմակերպիչներին:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա գիտեք՝ սա մոտեցման հարց է: Չեմ կարծում, որ անցյալի մեջ խորանալն այս պահին կառուցողական կլինի և կօգնի մեզ բոլորիս հասնել կառուցողական և բոլորի համար օգտակար լուծումների:

Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել՝ ո՞ր տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ո՞վ է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի ցանկությունն, առնվազն մեր կողմից, կայանում է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու մեջ, այդ թվում՝ մենք քննարկում ենք հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ:

Դուք լիովին ճիշտ եք. երկար բանակցություններից հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և մենք նույնպես առաջարկեցինք անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, ժամանակը և օրը որոշելու համար:

Արդյո՞ք այս խաղաղության համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: Իհարկե ոչ: Եվ ես կարծում եմ, որ աշխարհում չկա մի համաձայնագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին և ընդգրկում է բոլոր հնարավոր խնդիրները: Սա հիմք է, սա հարաբերությունների սկիզբ է: Եվ իհարկե, կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են բաց, և մենք կարող ենք շարունակել մեր քննարկումները բոլոր խնդիրների շուրջ, կարող ենք շարունակել համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրումը, քանի որ սա ընդամենը սկիզբ է: Եվ կարևոր է նշել, որ այս համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, որի համաձայն ստեղծվում է երկկողմ հանձնաժողով՝ բոլոր մնացած հարցերը քննարկելու համար, այդ թվում՝ պայմայնագրի այս կամ այն դրույթի մեկնաբանության հետ կապված առաջացող հարցերը:

Եվ կրկին, սա նորից մոտեցման հարց է: Ի՞նչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներներ, այս քննարկման ընթացքում առաջարկում մեր հասարակություններին: Ի՞նչ ենք մենք՝ որպես պետություններ, առաջարկում տարածաշրջանին, աշխարհին: Նորից անցյալ վերադառնա՞լ, թե՞ համատեղ ապագա կառուցել և բարօրություն ապահովել մեր քաղաքացիների համար: Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները, դրական նախադրյալներն, այս համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, նոր մակարդակ, կամ եթե կուզեք՝ բացելու հարաբերությունների նոր դարաշրջան, խաղաղ հարաբերությունների և բարգավաճման՝ Հարավային Կովկասում և դրանից անդին, ավելի լայն տարածաշրջանում: Այսպիսին է մեր մոտեցումը:

Նախարար Բայրամովը խոսեց շատ կոնկրետ պայմանների կամ նախապայմանների մասին: Գիտեք, Մինսկի ձևաչափի մասին է խոսքը: Մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ սկսել և նախաձեռնել Մինսկի ձևաչափի կառույցների լուծարման գործընթացը: Այդ կառույցները կարող է լուծարվել այն դեպքում, երբ հակամարտություն չկա: Ուստի սա բավական հետաքրքիր հարց է. ունե՞նք արդյոք այսօր հակամարտություն, թե՞ ոչ: Գետնի վրա, փաստացի, հակամարտություն չկա, սակայն փաստաթղթերի մակարդակով չկա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասով ստորագրված և վավերացված համաձայնագիր:

Այսպիսով, մենք կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց լուծումը մեզ համար, առնվազն մեզ համար, ակնհայտ է: Մենք պետք է ստորագրենք համաձայնագիրն, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնենք այս հակամարտությանը, լուծարել այդ կառույցները հենց նույն օրը, եթե ցանկանում եք նույն պահին, կամ, չգիտեմ, տաս րոպե անց, կամ մի փաստաթղթից հետո մյուսը ստորագրվի: Ես նույնիսկ չեմ ասում, թե որ փաստաթուղթը պետք է առաջինը ստորագրվի: Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եկե՛ք ստորագրենք համատեղ դիմում ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը՝ լուծարման վերաբերյալ: Եկե՛ք ստեղծենք երկկողմ հանձնաժողով, որի մասին ես հենց նոր խոսում էի, և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը:

Նախարար Բայրամովը նաև խոսեց Հայաստանի Սահմանադրության մասին: Լավ, եթե կուզեք՝ ես էլ կասեմ. մենք նույնպես ունենք մտահոգություն՝ կապված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության հետ: Եվ մենք սա չենք ասում ուղղակի՝ հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով: Ես կարող եմ բացատրել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի Առաջին (Ժողովրդավարական) Հանրապետության իրավահաջորդ: Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի:

Այսպիսով, սա կրկին մոտեցման հարց է: Որ կողմի՞ց ենք սկսում: Արդյո՞ք պետք է նախ բոլոր հարցերին ունենանք պատասխաններ, նոր միայն կառուցենք հարաբերություններ: Թե՞ պետք է հիմնվենք այն ձեռքբերումների վրա, որոնք արդեն ունենք: Հիմա ունենք աննախադեպ իրավիճակ. Հայաստանը և Ադրբեջանը, կրկնում եմ՝ խնդրում եմ կենտրոնանալ այս փաստի վրա, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց միջև համաձայնագրի տեքստի շուրջ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին: Այս նախադասությունը տալիս է բազմաթիվ հարցերի և մտահոգությունների պատասխաններ: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք կառուցել այս հիմքի վրա, թե՞ մենք պատրաստվում ենք խարխլել այս շատ շոշափելի, պատմական ձեռքբերումը, իսկ հետո բերել մեկ այլ հարց բանակցությունների սեղանին, և հետո մեկ այլ հարց: Սա կարող է վերածվել անվերջ գործընթացի: Արդյո՞ք մենք կենտրոնանում ենք ապագայի, թե՞ անցյալի վրա: Սա է հարցը:

Հարց․ Պարոն Միրզոյան, այնպես է հնչում, կարծես Դուք ցանկանում եք, որ համաձայնագիրը ստորագրվի, իսկ հարցերը լուծվեն ավելի ուշ փուլում։ Սակայն մենք լսեցինք նախարար Բայրամովի՝ սահմանադրական փոփոխությանն առնչվող հայտարարությունը, որի համաձայն, ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունն այժմ արձանագրում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ընդունու՞մ եք արդյոք, որ սա կարող է մտահոգիչ լինել Բաքվի համար։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր Սահմանադրությունը, որը հանրային փաստաթուղթ է, կարող եք ստուգել և ուղղել ինձ, եթե սխալվում եմ, բայց վստահեցնում եմ՝ ես չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում չկա որևէ ձևակերպում, որն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Չկա։ Ընդհակառակը, ես նշել եմ, որ մենք ունենք մեր մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ։ Բայց հարցն այն է՝ ինչու՞ մենք շարունակաբար չենք բարձրացնում այդ հարցը։ Որովհետև հենց այդ համաձայնագրի տեքստում կան մի շարք դրույթներ։ Դրանցից մեկը ճանաչում է միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այնպիսի ձևակերպմամբ, որը լիովին ընդունելի է թե՛ ձեզ, թե՛ մեզ համար, քանի որ մենք արդեն համաձայնել ենք այդ դրույթի շուրջ։ Բացի այդ, կա դրույթ, որ համաձայնագրի կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ համաձայնագրի դրույթների չկատարման համար արդարացում բերելու նպատակով։ Այսինքն՝ այս ամենն արդեն հասցեագրված է։ Եվ այդ ամենին համապարփակ ու հստակ լուծում տալու ամենակարճ ճանապարհը հենց այս համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։

Հարց․ Արդյո՞ք Ձեր կառավարությունը պատրաստ է դիտարկել Սահմանադրության հնարավոր փոփոխությունները, նույնիսկ եթե դա կարող է ներպետական մակարդակով ոչ այնքան ընդունելի լինել։

Արարատ Միրզոյան. Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար՝ արձագանքելու իմ գործընկերոջ դիտարկմանը։ Այսպիսով, եթե մենք անցնենք իրավական կամ իրավաբանական նրբություններին, ապա կարճ բացատրություն կտամ։ Գիտեք, իրավական առումով, այո՛, մեր Սահմանադրության նախաբանում կա հղում մեր Անկախության Հռչակագրին, բայց իրավական ուժ ունեն և պարտադիր են միայն Հռչակագրի այն դրույթները, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության հիմնական մասում։

Այն նախադասությունը, որի շուրջ մտահոգություն են հայտնում մեր ադրբեջանցի գործընկերները, մեջբերված չէ մեր Սահմանադրության տեքստում։ Կա ընդամենը ընդհանրական հղում Անկախության Հռչակագրին, որտեղ ասվում է, որ՝ ելնելով Անկախության Հռչակագրից, Հայաստանի ժողովուրդը հայտարարում է այս, այս, և այնուհետ սկսվում է Սահմանադրության հիմնական տեքստը։ Ուստի, կրկին, իրավական տեսանկյունից, աշխարհում գոյություն ունի միայն մեկ մարմին, որը իրավասու է մեկնաբանել և վերլուծել մեր Սահմանադրությունը։ Դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։

Անցած սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը եզրակացություն տվեց մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի վերաբերյալ։ Այդ կանոնակարգում նշվում է, որ սահմանազատումն իրականացվում է՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից, որը, քիչ թե շատ, նույն միտքն է արտահայտում, որ մեր սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն ունեին մեր՝ որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ, մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այսպիսով, անցած սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը հաստատեց, և դա հանրային փաստաթուղթ է, որ այդ սկզբունքը՝ սահմանների սկզբունքը, ինչը նշանակում է նաև, որ մենք չունենք տարածքային հավակնություններ այդ սահմաններից դուրս, ինչը լիովին համահունչ է մեր Սահմանադրությանը։ Եվ վերջ։

Այսպիսով, եթե մենք հիմա ստորագրենք այս համաձայնագիրը, ապա վավերացման գործընթացի ընթացքում այն կրկին կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե մեր Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ հայտարարի, որ այս փաստաթուղթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, դա կլինի ևս մեկ ապացույց, որ այդ հարցը փակված է, հասցեագրված է, և որևէ խոչընդոտ չկա։ Եթե, տեսականորեն, մեր Սահմանադրական դատարանն այլ բան ասի, ապա դա կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում մենք կվերադառնանք ձեզ մոտ և կքննարկենք այլ հնարավորություններ։ Այսքանը։

Բայց կրկին՝ գիտեք, սա քաղաքական կամքի հարց է։ Սա կողմնորոշման հարց է։ Սա այն հարցի մասին է, թե ինչի վրա ենք կենտրոնանում. մենք կառուցու՞մ ենք խաղաղություն, օգտագործելո՞ւ ենք հնարավորությունները, թե՞ փակելու ենք գործընթացը՝ ունենալով մտահոգություններ։ Եթե կամք ունենք օգտագործելու հնարավորությունները, ապա ճանապարհը կգտնենք։

Հարց. Հաշվի առնելով, թե որքան փխրուն է վստահությունը, արդյո՞ք կան միջոցներ, որոնցով Հայաստանի ղեկավարությունը կարող է հավաստիացնել Բաքվի իր գործընկերներին, որ Հայաստանի ներկայիս ուղին անշրջելի է, նույնիսկ եթե քաղաքական քամիները փոխվեն երկրում կամ տարածաշրջանում:

Արարատ Միրզոյան. Բավական հետաքրքիր դիտարկում էր, շնորհակալ եմ։ Իհարկե, ես կարող եմ համաձայնել որոշ մոտեցումների և նկատառումների հետ, իսկ մյուսների հետ՝ չհամաձայնել, բայց մեկ կոնկրետ դրվագում Դուք շատ ճշգրիտ ընդգծեցիք մի բան՝ հայ հասարակությունն իրեն իսկապես խոցելի է զգում նախ և առաջ անվտանգության առումով, ինչպես նաև տնտեսական համագործակցության կամ փակ սահմանների տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է միևնույն օրը լսել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ խաղաղության օրակարգի վերաբերյալ, հավաստիացումներ և առաջարկներ՝ հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմանները բացելու, տարածաշրջանում թշնամության էջը շրջելու, նոր դարաշրջան բացելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ մենք բոլորս հիշում ենք, որ դեռ կան չափազանց զգայուն հարցեր: Վերքերը շատ թարմ են, և դժվար է խոսել հնարավոր համագործակցության մասին, բայց Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստիացումներ այս մասին: Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում՝ նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում՝ սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ: Դա կարող է հնչել Ազգային ժողովի պատգամավորի մակարդակով, կառավարության հետ սերտորեն առնչվող մեդիա հարթակներից, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այսպիսով, այդ սպառնալիքը կախված է օդում:

Կա ընտրության հնարավորություն. մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար: Կա ընտրություն. սպասել ևս հարյուր կամ երկու հարյուր տարի, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթաց՝ դնելով մեկ աղյուս, հետո մեկ այլ աղյուս, հետո ևս մեկը՝ այս կերպ կառուցելով խաղաղ տարածաշրջան, հաստատել համագործակցություն՝ էներգետիկ ծրագրեր, տարանցիկ ծրագրեր: Դուք անդրադարձաք օդային կապի թեմային, ես կարող եմ նաև մի փոքր ավելին մանրամասնել այդ մասին,  ինտերնետ մալուխներ, զբոսաշրջություն: Համագործակցության այնքան շատ ուղիներ կան, և ես հավատում եմ, որ Վրաստանը կարող է առաջնորդել  տարածաշրջանում: Մենք կարող ենք կապել հասարակություններին՝ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին, այլ նաև՝ Վրաստանի և Թուրքիայի:

Մենք ապրում ենք 21-րդ դարում: Կրկին, սա ընտրության հարց է: Կարող ես սպասել ևս երկու հարյուր տարի, կամ կարող ես սկսել աղյուսներ դնել և կառուցել ամուր պատ: Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ: Պետք է լինի նաև մեր հարևանը՝ մյուս կողմում, որը ևս պատրաստ կլինի համագործակցության:

Օրինակ, չհնչելու համար չափազանց իդեալիստական և չխուսափելով կոնկրետ մանրամասներից՝ ես կբերեմ մի օրինակ: Մենք վերջերս առաջարկ ենք արել Ադրբեջանին՝ հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ, համաձայն որի նրանք հասանելիություն կստանան մեր երկաթուղային ենթակառուցվածքներին, իսկ մենք հասանելիություն կստանանք նրանց տարածաշրջանային երկաթուղային ենթակառուցվածքներին: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում կա 45 կիլոմետր, որն հավանաբար կամ թերևս ակնհայտորեն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար, և մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Կան էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների, բեռների ֆիզիկական զննությունից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, որոնք կարող են փոխանակվել համապատասխան կառույցների միջև:

Սա թույլ կտա առավելագույն արագությամբ իրականացնել անցումը և այլն: Մենք արեցինք շատ կոնկրետ առաջարկ, սակայն դրական պատասխան չկա: Հնարավոր է՝  նրանք ունեն հիմնավոր մտահոգություններ, չգիտեմ, բայց կրկնում եմ՝ սա ընտրության հարց է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել