Փոքր բիզնեսի ներկայացուցիչները վերսկսում են բողոքի ակցիաները շրջանառության հարկի 2025թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վատթարացնող դրույթների դեմ։
Նրանց են միացել նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություն մատուցողները, որոնց համար 2025թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխությունները, ըստ որի հաշվապահական և իրավաբանական ծառայությունները անցնում են ավելացված արժեքի հարկի ռեժիմ, որը ենթադրում է առնվազն 20-30 տոկոսով այդ ծառայությունների թանկացում։
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները հազարից ավելի ստորագրություններ են հավաքել, հաշվապահների և իրավաբանների հետ երկուշաբթի օրը, ապրիլի 14-ին, ժամը 11-ին հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի առաջ։
«Հարկային այս փոփոխությունները խիստ բացասաբար են անդրադառնալու փոքր և միջին բիզնեսների վրա։ Մենք պահանջում ենք վերանայել այս որոշումները և լսել մեր մտահոգությունները»,-Iravaban.net մասնագիտական առցանց մեդիայի հետ զրույցում հայտարարեց Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը և կոչ արեց բոլոր ՓՄՁ-ներին, հաշվապահներին և իրավաբաններին երկուշաբթի օրը, ապրիլի 14-ին, ժամը 11-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի առաջ։